Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին: 

ArmeniaON, ՀՈՒԼԻՍԻ 31: «Ռուսաստանը, որպես Երեւանի դաշնակից միշտ էլ շահագրգռված է եղել հայկական պետության կայունությամբ, ուստի այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող չանհանգստացնել մեզ, այդ թվում, ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների խնդիրների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց Հայաստանը անդամակցում է»,- Լավրորվի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք բազմիցս մեր մտահոգությունը հայտնել ենք Հայաստանի ղեկավարությանը»,- ավելացրել է նախարարը: «Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կառուցողական ճանապարհով կընթանա»:

Նրա խոսքով, Մոսկվայում այս տարվա մայիսին Հայաստանի քաղաքական ճգնաժամի ժամանակ մեծ գոհունակությամբ նշում էին, որ արդյունքում այս ճգնաժամի լուծումը բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխզիջման հիման վրա գտնվեց:

«Մենք հույս ունեինք, որ հաշվի առնելով նման արդյունքը, բոլոր քաղաքական ուժերը, նախեւառաջ Հայաստանի նոր ղեկավարությունը հետագայում էլ կզարգացնեն միասնական մոտեցումները, կամրապնդեն ազգային համաձայնությունը», -նշել է Լավրովը:

«Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ խախտում են նման դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, որ մտադիր չեն քաղաքական դրդապատճառներով իրենց նախորդների հետապնդումը կազմակերպել », – եզրափակել է նա: