Այն ինչ նախատեսված է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների համար ծառայում է կոնկրետ անհատների հարստացմանը։ Կույրերի միավորումում տիրում է ապoրինություն և կեղծիք`իր բոլոր դրսևորումներով։

ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 1: Միավորման անդամներից շատերը չեն հրավիրվում նույնիսկ Կույրերի միավորման նախագահի ընտրության։

“Մեզ տարիներ շարունակ անտեսում են և գրպանում միավորմանը պատկանող տարածքների վարձակալության եկամուտը”,- ասում են բողոքի երթին մասնակցող տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները։

Հիշեցնենք, որ ունեցել ենք հրապարակում Կույրերի միավորումում տիրող իրավիճակի մասին, որտեղ ներկայացված են մանրամասներ և փաստացի օրինակներ։
Տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները այսօր բողոքի երթ էին կազմակերպել` պահանջելով Կույրերի միավորման նախագահի և նախագահության հրաժարականը։ Դժգոհության հիմանական պատճառը ղեկավարների անգործությունն է և խիստ անձնական շահերով առաջնորդվելը։

“Մեր նպատակն է Կույրերի միավորման նախագահությունից հրաժարական պահանջել, քանի որ նրանք ոչինչ չեն անում կույրերի շահերի պաշտպանության հմար։ Ես ինքս դեռ տարիներ առաջ և շարունակաբար բարձրաձայնել եմ խնդիրները, մամուլում եղել են հրապարակումներ, սակայն ոչինչ չի արվում, լռում են նաև իրավապահ մարմիները։ Այսօր հույս ունենք լսելի լինել քանի որ իշխանություն է փոխվել։ Մտադիր ենք դիմել նաև իրավապահ մարմինների”,- ասաց Վահան Սարգսյանը Վանաձորից։

Բողոքի երթը քաղաքացիական էր, որին միացավ նաև “Երկիր ծիրանի” կուսակցության նախագահ Զրուհի Փոստանջյանը, ով լսելով Միավորմումում տեղի ունեցած չարաշահումների մասին, խոստացավ օգնել, պատրաստել հաղորդում հանցագործության մասին, որը կտրամադրվի իրավապահ մարմիններին, ինչպես նաև պահանջել ստուգումներ իրականացնել միավորումում, որը նաև զսպաշապիկ կհանդիսանա հետագայում։

Միավորման նախագահության միջին տարիքը 80 տարեկանն է: Այսպես, օրինակ` նախագահության անդամների տարիքներն են 91,90,80 տարեկան, ամենակրտսեր անդամը 65 տարեկան է։

“Այսօր իմ աշխատանքը միայն թղթային ձևակերպում ունի, ակումբը որպես այդպիսին չի գործում, քանի որ տվյալ տարածքը տրամադրվեց նախկին սոցապ նախարար Նարինե Բալայանին` իր ՀԿ-ի գործունեությանը ծառայելու համար”,- պատմում է երկրորդ ՍՊՁ կույրեիր ակումբի վարիչ Ատոմ Երեմյանը:

Աշխատանքի են ընդումնվում միայն ծանոթ-բարեկամ սկզբունքով և աշխատավարձն էլ ըստ այդմ է նշանակվում`միաձայնում էին ներկաները։

“Ես աշխատում եմ Կույրերի միավորմանը պատկանող երգչախմբում։ Տարիներ շարունակ միավորման ղեկավարները որևէ կերպ չեն աջակցել երգչախմբի գործունեությանը և նույնիսկ շատ դեպքերում խաչընդոտում են ստեղծելով դժվարություններ: Օրինակ, դահլիճը մեր ձեռքից վերցրել են, չեն տրամադրում տրանսպորտ, աշխատանքի գալիս ենք բացառապես անձնական միջոցներով, քանի որ արդեն մի քանի տարի է աշխատավարձ չենք ստացել”,- դժգոհեց երգչախմբի անդամ Ալեքսանդր Ժույիկովը։

 

Բողոքի երթի մասնակիցները շարժվեցին միավորման գրացենյակ`ակնկալելով հանդիպում Միավորման նախագահի հետ: Սակայն ապարդյուն, տնօրենը տեղում չէր։ Աշխատակիցների հավաստմամբ, 91-ամյա նախագահի բացակայությունը պայմանավորված էր առողջական խնդիրներով։

Բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվեց խնդիրը ներկայացնել գրավոր։ Կույր և տեսողական խնդիրներ ունեցողները տեղում կազմեցին փաստաթուղթը, նշելով նախագահի և նախագահող խմբի անդամների հրաժարականի պահանջը, սահմանելով երկու օր ժամկետ։ Երթի մասնակիցների պնդմամբ, եթե պահանջը չբավարարվի, ապա բողոքի ակցիաները կշարունակվեն, կկազմակերպվի ստորագրահավաք, կդիմեն իրավապահ մարմիներին։