Ռուսական մամուլում տարածված տեղեկությունը, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը` ստույգ չէ: Հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը: 

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ3: «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ամեն ինչ աշխատում է», – Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում նշել է Ալեքսանդր Ֆոմինը, արձագանքելով ոուսական մամուլում տարածված տեղեկությանը, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին սպառազինության մատակարարումը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Կոմերսանտը» ծավալուն հոդված էր հրապարակել, որում մասնավորապես պնդում էր, թե պաշտոնական Մոսկվան վրդովված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրման կապակցությամբ, ու հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին:

news.am

Լուսանկարը` shantnews.am