«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել մեկ հայտնի քաղաքական գործչի՝ Արմեն Գևորգյանին: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: 

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 3: «Արմեն Գևորգյանը և մեկ այլ անձ, ովքեր աշխատել են նախագահի աշխատակազմում, 2008 թվականին ճնշում են գործադրել սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի վրա՝ վերջինիս եղբոր միջոցով», – ասաց Սասուն Խաչատրյանը:

Սահմանադրական դատարանում վիճարկվում էին 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

ՍԴ անդամի վրա ճնշումների մասին տեղեկությունները հայտնի են դարձել wikiLeaks-ի կողմից:

Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով սահմանված արարք կատարելու՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:

Մեղադրանքն ապացուցված համարվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև 6 տարվա ազատազրկում:

Սասուն Խաչատրյանը նշեց նաև, որ Արմեն Գևորգյանի հանդեպ միջնորդել են խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Իրավաբան.net