Միացյալ Նահանգներին չի հաջողվել համոզել Չինաստանին նավթ չգնել Իրանից, գրում է Bloomberg գործակալությունը: Վաշինգտոնը մտադիր էր մինչ նոյեմբերի 4-ը զրոյական մակարդակի հասցնել իրանական նավթի վաճառքը:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 3: ԱՄՆ-ն ցանկանում է տնտեսական մեկուսացման մեջ դնել իսլամական պետությանը՝ աշխարհի մյուս երկրներին ստիպելով հրաժարվել իրանական նավթից:

Թեև Չինաստանը չի համաձայնել հրաժարվել իրանական վառելիքից, այնուհնադեձ խոսք է տվել գնման ծավալները չավելացնել:

Ամերիկացի պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություններն այս օրերին ժամանել են տարբեր երկրների մայրաքաղաքներ, որպեսզի պայմանավորվեն մինչև նոյեմբեր իրանական նավթի վաճառքի ծավալները կտրուկ նվազեցնելու հարցի շուրջ:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հայտնել էին, որ Վաշինգտոնը մտադիր է մինչ նոյեմբերի 4-ը զրոյական մակարդակի հասցնել իրանական նավթի վաճառքը: Ոլորտի մասնագետները ենթադրում են, որ դա անիրագործելի նպատակ է:

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կանտեսեն Վաշինգտոնի պահանջն ու կշարունակեն Իրանի հետ համագործակցությունը:

Մասնավորապես, Թուրքիային ԱՄՆ-ն 180 օր ժամանակ է տվել, որպեսզի թուրքական ընկերությունները կարողանան աստիճանաբար կտրել իրենց կապն Իրանի հետ։

tert.am