Կույրերի միավորման 91 ամյա նախագահ Աբել Հակոբյանի հրաժարականը խնդրի լուծում չեն համարում տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները՝ պահանջելով ամբողջ նախագահության հրաժարականը։

ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ 

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 6: Oրեր առաջ բողոքի երթ կազմակերպվեց Կույրերի միավորման նախագահության անգործության և միավորմանը պատկանող շենք ու շինությունների վարձակալություններից ստացված գումարների յուրացման մեղադրանքով։ Միավորման անդամները մատնանշում են միավորումում կատարված ինչպես նյութական ապօրինությունները, այնպես էլ բարոյական ճնշումները, որոնց արդյունքում միավորման 1800 անդամի բողոքի ձայնը տարիներ շարունակ լռեցվել է։

ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԱՆԳԱՄ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՑ ՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ

Այս մարդիկ չեն հասկանում նոր ժամանակների պահանջները և խոչընդոտում են նույնիսկ ամենատարրականում։ Օրինակ`տարիներ առաջ Լեհաստանից մասնագետներ էին եկել և առաջարկում էին տարածական կողմնորոշման համար սպիտակ փայտիկներ, ինչին ղեկավարները պատասխանել էին, թե հայ կույրերը չեն կարող օգտագործել դրանք։ Այսինքն` ըստ նրանց կա տարբերություն այլ երկրների կույրերի և հայ կույրերի միջև։

ՀԿՄ ղեկավարները շատ սերտ կապեր են ունեցել նախկին կառավարության հետ և կարողացել են նույնիսկ մեկ զանգով խնդիրներ լուծել։ Կույրերի միավորումում տարիներ շարունակ ստուգումներ չեն անցկացվել և չեն վճարվել նույնիս միավորման անդամների ամսական հազարական դրամները։

Իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում ենք հետևյալ փաստերի վրա։ Այսպես, օրինակ, 2017 թ․ վերջին Արտեմ Ասատրյանը  կառավարության նիստում հայտարարեց, որ 51 միլիոն 600 հազար դրամ է տրվել կույրերի միավորմանը, որպես ավելացված արժեքի հարկի  և եկամտահարկի 20 տոկոսի վերադարձ։ 2017 թ-ի հաշվետվության համաձայն միավորման մուտքը կազմել է 87 միլիոն դրամ, սակայն  չեն վճարվել  միավորման անդամերի ոչ  հազարական դրամները, ոչ միավորման երգչախմբի աշխատավարձները։ Ո՞ւր են գնացել գումարները,- ասում է կույրերի  միավորման անդամ Սիփան Ասատրյան։

«Կան տեսողական խնդիրներ ունեցող երիտասարդներ, որոնք դիմել են միավորման անդամակցության, սակայն դիմումներին ընթացք չի տրվում։ Կույրերի միավորման ներկայիս ղեկավարները խուսափում են միավորում ներգրավել հատկապես ակտիվ երիտասարդների, որոնք կարող են հանդես գալ նախաձեռնությամբ կամ հայտնել դիրքորոշում։ Դա կխոչընդոտեր 32-ամյա ղեկավարությանը կարողանալ վերարտադրվել»,- ընդգծեց Հայկ Պապիկյանը։

«ՀԿ-ի կանոնադրության համաձայն, նախագահի հրաժարականի դեպքում 40 օրվա ընթացքում հայտարարվում է կենտրոնական վարչության նիստ, որի ընթացքում կընտրվի նոր ղեկավար», – հայտարարեց ՀԿՄ կենտվարչության նախագահի առաջին տեղակալը Ֆրոնտ Դանիելյանը, ով միավորման նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Նա շտապեց ընդգծել, որ չի հավակնում նախագահի աթոռին, քանի որ միավորման նախագահը պետք է լինի միավորման անդամ, ով ունի տեսողական խնդիր։

Ըստ Ֆրոնտ Դանիելյանի, վերջին նիստը տեղի է ունեցել  2013թ․, հաջորդը նախատեսվում է 2019 թ․ ապրիլին, իսկ արտահերթ համագումարի համար անհրաժեշտ է առնվազն 600 ստորագրություն։ Սակայն ինչպես վարվել 40 օր սահմանված ժամկետի հետ հարցը մնում է բաց, քանի որ միավորման նախագահը արդեն հրաժարական է տվել։

Կույր և տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները, սակայն սպասելու մտադրություն չունեն և ընդամենը 24 ժամ են տվել միավորման ղեկավարներին նախագահության արտահերթ նիստ անցկացնելու համար։