«Լույս» հիմնադրամի շահառուներից 18 հոգու «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ:   Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ «Լույս» հիմնադրամի շահառուների կրթաթոշակը վերաբերում է միայն ուսման առաջին տարվան։

««Լույս» հիմնադրամի հույսով տարբեր միջազգային համալսարաններ ընդունված ուսանողներ 2-3 շաբաթ առաջ նամակով դիմեցին «Իմ քայլը» հիմնադրամին՝ աջակցություն ստանալու համար: Հիմնադրամը նոր ձևավորման փուլում է, տնօրենի մրցույթ ենք հայտարարել, շատ դժվար էր մեզ համար ֆինանսական միջոցներ գտնել, բայց հիմնադրամը այս ընթացքում փորձեց ամեն ինչ անել: Փորձեցինք կամուրջ դառնալ, գտանք գործընկերներ, ովքեր սիրով աջակցեցին 18 ուսանողների»,- նշեց Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամին դիմել են «Լույս» հիմնադրամի 11 շահառուներ, իսկ մնացած ուսանողներին գտել է «Իմ քայլը» հիմնադրամը:

«Մնացած շահառուներին ևս նամակներ ուղարկվել է, բայց արձագանք չի եղել»,- ասաց Ա. Հակոբյանը:

Վարչապետի տիկինը տեղեկացրել է, որ վերջին տարում «Լույս» հիմնադրամը ունեցել է 48 շահառու՝ 24-ը Հայաստանից և 24 սփյուռքից:

«Եվս 5 երեխայի հարց քննարկվում է, պրոցեսը չի կանգնել, մեզ շարունակում են դիմել: Մենք սա արել ենք արտակարգ պայմաններում: Մենք սկսել ենք քննարկումներ ՀԲԸՄ-ի հետ՝ հասկանալու համար, թե այս հարցն ինչպես պետք է լուծում ստանա»,- հայտնեց նա:

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 10-ին հայտարարել էր իր գործունեության դադարեցման մասին: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարություն է տարածել, որ «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել աշխատանքի դադարեցման մասին։

tert.am