Երեւանի Իսակովի պողոտայում այսօր՝ օգոստոսի 8-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել: «Մերսեդես» մակնիշի 91 XX 919 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է պողոտայում գործող CPS բենզալցակայանի մեջ:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 8: Իսակովի պողոտայում գտնվող CPS բենզալցակայանում հրդեհը բռնկվել է կայծի հետևանքով, կրակը տարածվել է բենզալցակայանի ամբողջ տարածքում: Դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Դեպքի վայր ժամանած ՀՀ ԱԻ նախարարության հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել:

Կրակը հաջողվել է մարել, սակայն, ԱԻ արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Ենոքյանի տեղեկացմամբ՝ բենզալցակայանի պահուստային տարաներից վառելիքի արտահոսքը շարունակվում է, քանի որ դրանց փականները չեն աշխատում:

Հրշեջ-փրկարարները ժամանակավոր միջոցներով փակել են տարաները, հիմա սպասում են բենզինատար մեքենաներին, որպեսզի հնարավոր լինի վառելիքը դուրս բերել պահուստային տարաներից:

Ականատեսները հայտնել են, որ «Մերսեդես»-ի վարորդին հոսպիտալացրել են:

Արտակարգ պատահարն Իսակովի պողոտայում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող եւ հետադարձ ճանապարհին երթեւեկության խցանման պատճառ էր դարձել:

Այժմ երթեւեկությունը վերականգնված է: