ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է իր խափանման միջոցը փոխելու հարցը քննող Վերաքննիչ դատարանի նիստին: Նա մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը խախտելու համար:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 9: Վերաքննիչ դատարանի նիստն արդեն սկսվել  եւ ընդմիջվել է, որից հետո նորից կշարունակվի բողոքի քննությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Վերաքննիչ բողոքը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ 45 պատգամավոր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Միջնորդությունը, սակայն, նախօրեին մերժվել է:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: