Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում:

«Մենք հակված ենք կարծելու, որ այս ստուգումները կապված են նոր Հայաստանում մեր իշխանության կողմից ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ: Մենք ամեն ինչ անում ենք, որ ոստիկանության աշխատակիցները ստանան բավարար տեղեկատվություն իրենց հուզող բոլոր հարցերի վերաբերյալ»,-  NEWS.am-ին ասել է «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը ՝ նշելով, որ չգիտեն այս ստուգումների շարժառիթներն ու նպատակները:

Նա նշել է, որ իրենք մտահոգություններ չունեն կապված այս ստուգումների հետ.

«Մենք անհանգստանալու որեւէ խնդիր չունենք, մենք էլ կուզենանք մեր թերությունները շտկենք ոստիկանության օգնությամբ: Մենք բնական ենք համարում, որ ոստիկանությունը գա եւ մեզ մոտ ստուգումներ անցկացնի, մենք բաց ենք մեր ոստիկանության առջեւ իր գործողություններն իրականացնելու առումով»:

Ոստիկանությունից նույնպես հաստատել են լուրը՝ նշելով, որ ավելի ուշ հայտարարություն կտարածեն: