Հասարակությունը իրավունք ունի և պետք է տեղեկացված լինի հատկապես ազգային անվտանգությանը խիստ հարող այնպիսի ոլորտից, ինչպիսին է սննդամթերքի անվտանգությունը:

ArmeniaON, օգոստոսի 12: Ըստ միջազգային փորձագետ, ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանի, տրամադրվող տեղեկատվությունն էլ իր հերթին պետք է լինի հստակ, ճշգրիտ, մասնագիտական առումով օբյեկտիվ և միևնույն ժամանակ խիստ մատչելի անգամ ոչ մասնագետ սպառողի համար:

Օրեր առաջ իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հնչած մի շարք հարցերին ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից տրվեցին ակնհայտ անհեթեթ, ոչ մասնագիտական պատասխաններ:

Այդ հարցերը վերաբերում էին կաթի թթվայնության սեզոնային բարձրացմանը և դրա հնարավոր պատճառներին, խոզերի աֆրիկական ժանտախտի ներկայիս իրավիճակին Հայաստանում, այդ և այլ հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի ԵԱՏՄ կանոնակարգի և դրա հնարավոր կիրառությանը մեր եկրում և այլն:

ԱՆՎՏԱՆԳ ՍՆՈՒՆԴ, ԹԵ ԸՆԴԱՄԵՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Հավանաբար, ոլորտում առկա խնդիրների լուծման համար ոչ բավարար մասնագիտական հմտություններ ունենալու պատճառով է, որ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ասուլիսից օր առաջ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Վարդուհի (Անուշ) Հարությունյանի միջոցով ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանին, ով ի դեպ հանդիսանում է Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպության (OIE) և Համաշխարհային Անասնաբուժական Ասոցիացիայի (WVA) գործող փորձագետ, հրավիրել է ՍԱՏՄ-ին կից գործող հասարակական խորհուրդ՝ միասին ոլորտային լուծումներ գտնելու:

Ինչպե՞ս որակել երևույթը. «քայլ ձիով» ՍԱՏՄ ղեկավարի հաջորդող ֆեյսբուքյան ասուլիսի համար, թե՞ մամուլում բազմիցս բարձրաձայնված ակնհայտ կեղծ ընտրության արդյունքում ղեկավար նշանակվելուց հետո անվանի մասնագետի սիրաշահման փորձ՝ բարձրացած աղմուկը հանդարտեցնելու նպատակով, թե՞ մասնագիտական լուրջ բացը լրացնելու փորձ անվանի մասնագետի գիտելիքների և հմտությունների հաշվին, թե՞…

Հարցեր, որոնք էլ ավելի են կասկածի տակ դնում տվյալ լիազոր մարմնի ղեկավարի պրոֆեսիոնալիզմը, կառավարչական հմտությունները և գոնե իր բարձրաձայնած տեսլականին հետևողական լինելը:

Դատելով ՍԱՏՄ ղեկավարի՝ Գեորգի Ավետիսյանի տեսլական-ծրագրից, որը նա ներկայացրեց նաև ՍԱՏՄ կառավարման խորհրդի անդրանիկ նիստին, բավարար է ընդամենը հասարակական սեկտորի և լրագրողների հետ աշխատանքը՝ ոլորտի լուրջ բացերը վերացնելու համար:

Գրեթե երկու ամիս է անցել Գեորգի Ավետիսյանի տվյալ պաշտոնում կեղծված ընտրությունների արդյունքում  նշանակումից հետո, սակայն թե պաշտոնական հրապարակումներից, թե համացանցից, թե լրատվական աղբյուրներից ակնհայտ է դառնում, որ տեղեկատվության (առավել հաճախ ապատեղեկատվության) տրամադրումն անգամ գտնվում է բարձիթողի վիճակում: