Փարիզի մոտ գտնվող Սևրի ճենապակու ազգային թանգարանի այս շենքում է 98 տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվել Սևրի հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի Հանրապետության դե-յուրե և դե-ֆակտո 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքին պետք է միացվեին արդեն Արևմտյան Հայաստանի նահանգները:

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ 

ArmeniaON, օգոստոսի 12: Ինչպես տեսնում ենք՝ շենքը կանգուն է, բայց պայմանագիրն այդպես էլ մնաց թղթի վրա, իսկ ստորագրումից ամիսներ անց Հայաստանը ռուս-թուրքական դաշինքի արդյունքում զրկվեց արդեն իր եղած տարածքի ուղիղ կեսից: 


Կար արդյո՞ք այն ժամանակ հնարավորություն՝ առաջնորդվելով «ռեալ պոլիտիկ» հասկացությամբ, դիվանագիտական զիջումների և խաչաձև բանակցությունների միջոցով՝ երկրի համար այդ ճակատագրական պահին գոնե պահպանել Հայաստանի Հանրապետության 60 հազար քառակուսի կիլոմետրն ամբողջությամբ՝ ահա այն հարցերի հարցը, որը մեզ հանգիստ չի տալիս արդեն 98 տարի:

Սակայն փաստը մնում է փաստ, որ այն ժամանակ այդպես կորցրեցինք Հայաստանի համար ահռելի կենսական նշանակություն ունեցող տարածքներ՝ Կարսի մարզը, Սուրմալուի շրջանը և Նախիջևանի երկրամասը, զրկվելով մի քանի քաղաքներից՝ Կարս, Սարիղամիշ, Արտահան, Կաղզվան, Իգդիր, Նախիջևան, բիբլիական Արարատից և Անիի պատմական քաղաքատեղիից: