Գլխավոր դատախազությունն այսօր ստացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է վճռաբեկ բողոքը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից,

ArmeniaON, օգոստոսի 17: Թե երբ է բողոքն ուղարկվելու վճռաբեկ դատարան, այդ մասին դատախազությունը դեռ մանրամասներ չի հայտնում։

Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է նաև պաշտպանական կողմը: Այդ մասին «Ազատությանը» հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, նշելով, որ իրենց հետագա անելիքները փաստաբանների խումբն այս պահին քննարկում է։

Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց առաջին ատյանի որոշումը, և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց։ Ըստ նրա պաշտպանների՝ դատարանն իր այդ որոշման հիմքում դրել էր երկրորդ նախագահի անձեռնմխելիության իրավունքը։

Վերաքննիչ դատարանի կողմից որոշման ընդունումից հետո Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում «ապօրինի» էր որակել այդ որոշումն ու հույս հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը, նրա շահերի պաշտպանները, նաև որոշ քաղաքական գործիչներ, պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: