Անգլիայի առաջնության երկրորդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Չելսիի» եւ «Արսենալի» մասնակցությամբ: «Արսենալը» չկարողացավ զարգացնել Հենրիխ Մխիթարյանի արձանագրած հաջողությունը:

ArmeniaON, օգոստոսի 19: «Չելսին» իսպանացիներ Պեդրո Ռոդրիգեսի եւ Ալվարո Մորատայի գոլերի շնորհիվ արդեն 20-րդ րոպեին առջեւում էր 2:0 հաշվով: Սակայն 37-րդ րոպեին «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 41-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց նիգերիացի հարձակվող Ալեքս Իվոբիին:

Երկրորդ խաղակեսում «Արսենալը» չկարողացավ զարգացնել հաջողությունը, իսկ  81-րդ րոպեին իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն խփեց իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի հաղթական գոլը: «Չելսին» հաղթեց 3:2 հաշվով:

«Չելսին» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Տոտենհեմին» ու «Բորնմութին» եւ գոլերի տարբերությամբ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:  «Արսենալը» երկու պարտությունից հետո 17-րդն է:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Արսենալը» 0:2 հաշվով պարտվել էր չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

sport.news.am