ԱԺ պատգամավոր, կալանավոր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

ArmeniaOn, օգոստոսի 22: «Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում»: Այդ մասին Tert.am-ին հայտնել են «Արմենիա» բժշկական կենտրոնից, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մանվել Գրիգորյանը նշանակված փորձաքննությունների շրջանակում է գտնվում հիվանդանոցում:

Հարցին, թե ի՞նչ հետազոտություն է իրականացվում, բժշկական կենտրոնից մանրամասներ չեն հայտնել:

Նշենք, որ ավելի վաղ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն էր նշանակել Մանվել Գրիգորյանի առողջական իրավիճակի վերաբերյալ, որը դեռ չի ավարտվել:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: