Ռուսաստանի Դաշնության սահմանապահները պետք է փոխարինվեն ՀՀ սահմանապահներով, պետք է դադարեցվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում: Հայտարարել են «Սասնա ծռեր»-ը: 

ArmeniaOn, օգոստոսի 23: 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարել է կուսակցություն դառնալու մասին, տեղեկացնում է Aysor.am-ը:

«Սասնա ծռեր» կուսակցությունը, որը առաջիկայում սկսելու է գրանցման գործընթաց, ունի ծրագրային կետ՝ ազատվել նախկին ռեժիմի «բաստիոնից»՝ Ազգային ժողովից, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը։

Նաև առաջարկում են կոնկրետ քայլեր կիրառել ռուսական «գաղութատիրությունից» ազատվելու ուղղությամբ։

«Օրինակ՝ սկզբի համար Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին փոխարինել ՀՀ սահմանապահներով, ազգայնացնել ռուսական պետական կամ պետականամերձ կապիտալին հանձված ռազմավարական օբյեկտները, ազգային վերահսկողություն ստանձնել դրանց նկատմամբ, դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, դուրս գալ այլ պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, առհասարակ, արևմուտքի, ինչպես նաև Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ նախկինից մնացած ռուսաստանագերակա արտաքին հարաբերությունների ձևաչափից ու մեկնարկել դրանց հետ հայաստանագերակա գործընթաց», – հայտարարել Ավետիսյանը։

Ավելի վաղ, Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր «Սասնա ծռեր» խմբավորման գործունեության դադարեցման ու նույնանուն կուսակցության ստեղծման մասին։ Նա տեղեկացրել էր, որ առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և գրանցման գործընթացը։