Եթե այցելեք Մաշտոցի պողոտայի և Տերյան, Արամի, Կողբացի փողոցների քառանկյունում գտնվող Մաշտոցի պուրակը, ապա անակնկալի չգաք՝ այստեղ տեղադրված է ահա այսպիսի մակագրութամբ մի վահանակ. «Միսաք Մանուշյանի անվան պուրակ»:

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ

ArmeniaOn, օգոստոսի 27: Հիմա մի փոքր մեր ոչ վաղ անցյալից: 2012-ին հասարակության կողմից մեծ շարժում սկսվեց քաղաքի իշխանությունների դեմ, քանի որ Երևանի սրտում գտնվող այս գողտրիկ կանաչ անկյունը նրանք մտադրվել էին ամբողջությամբ բուտիկ-խանութներով պատված «էլիտար» տարածքի վերածել: Այն ժամանակ այս պուրակը դեռևս անուն չուներ, բայց բոլորի կողմից այն միանգամից կնքվեց որպես «Մաշտոցի պուրակ»: Ի վերջո, ժողովուրդը հաղթեց, և հենց այստեղ, Մաշտոցի պուրակում էլ հնչեց այն հայտնի արտահայտությունը՝ «Տարոն, դու սխալ ես»: Պուրակի անունն այդպես էլ մնաց Մաշտոցի պուրակ՝ որպես քաղաքացիական շարժման հաղթանակի վառ խորհրդանիշ և «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» արտահայտության դասական օրինակ:

Սակայն երկու տարի անց, 2014-ին, գուցեև նրա համար, որ Մաշտոցի պուրակ անվանումը որոշակի կերպով «սրբագրման» ենթարկվի, քաղաքի իշխանություններն անսպասելի կերպով պաշտոնապես անվանակոչում են այս պուրակը Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի անվամբ: Դա այն դեպքում, որ Մանուշյանի անունը շատ հանգիստ կարելի էր շնորհել Մաշտոցի պողոտայի հակառակ մայթին գտնվող մեկ այլ պուրակին, որը մինչ օրս էլ դեռ անվանակոչված չէ: Բայց անգամ դրանից հետո էլ բոլորը շարունակում են պուրակն անվանել Մաշտոցի: Անգամ 2016-ին, Ապրիլյան պատերազմի ծանր օրերին, հենց այստեղ, ժողովրդի կողմից շատ սիրված Մաշտոցի պուրակում էր ընթանում առաջնագիծ ուղարկվող հումանիտար օգնության հավաքագրման գործընթացը, և այդ մասին համացանցում տարածվող բոլոր հայտարարություններում բացառապես նշվում էր «Մաշտոցի պուրակ» անվանումը:

Հետևաբար՝ այսպիսի մի առաջարկ, և, կարծում եմ, շատերն ինձ հետ կհամաձայնեն: Շուտով մայրաքաղաքում ունենալու ենք նոր իշխանություններ, և մեր խնդրանքը նրանց այսպիսին է՝ պաշտոնապես վերադարձնել Մաշտոցի պուրակին իր իրական, ժողովրդական, պայքարում ծնված անվանումը, իսկ Միսաք Մանուշյանի անունով անվանակոչել Մաշտոցի պողոտայից մինջև Սարյան փողոցը ձգվող անանուն պուրակը: