Հայաստանի կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրում՝ սահմանելով ավելի ցածր տոկոսադրույք և կանխավճար, փոփոծվում է նաև տարիքային շեմը:   

ArmeniaOn, օգոստոսի 28: Օրենքի նախագծում ներկայում ամրագրված է, որ հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը։

Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ՝ հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով  և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը:

Ներկայում հիփոթեքային վարկը տրամադրվում է 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսն է  սուբսիդավորում պետությունը ՝ անկախ ձեռք բերվող բնակարանի գտնվելու վայրից:

Առաջարկվում է նաև կիրառել առկա հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ կանխավճարի առնվազն 50%-ի չափով: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել 20.000.000 դրամը։ Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 80%-ի։

Նշվում է , որ ներկայում Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ, ունենալով բնակարան ձեռք բերելու կարիք, ի վիճակի չեն օգտվել գործող հիփոթեքային վարկավորման համակարգից` ձեռք բերվող բնակարանի համար սահմանված կանխավճարի բարձր արժեքի պատճառով: Ուստի առաջարկվում է որպես ամուսինների տարիքային գումար դիտարկել ոչ թե 65 տարին, այլ 70-ը։

Բացի այդ, առաջարկվում է փոխել Երևանի և մարզերի համար կանխավճարի չափը․ ներկայում այն կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսը, նախարարությունն առաջարկում է այն դարձնել 20 տոկոս։

Այսպիսով՝ կառավարության նախագծով ծրագիրը առավել հասանելի կդառնա ` երիտասարդ ընտանիքները կկարողանան 20 տոկոս կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունիսի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, անդրադառնալով այս ծրագրին, մասնավորապես ասել էր․ «Մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս և մեծ է հավանականությունը, որ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրով մենք կունենանք 7-7,5 տոկոսնոց հիփոթեքային վարկեր։ Մեծ ծավալով կիրականացնենք այս ծրագիրը և հույս ունենք ամեն տարի այդ ծավալւ կմեծանա»,- նշեց վարչապետը։

ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում: