Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Բախվել են Mercedes-ն ու երթուղայինը, կա ինը վիրավոր: 

ArmeniaOn, օգոստոսի 31: Օգոստոսի 31-ին, Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում» բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մարդատար ГАЗель-ը, որը սպասարկում է 3-րդ գյուղից դեպի Դինամո մարզադաշտ ուղին, կանգառում կանգնած է եղել, երբ Mercedes-ը, որի վարորդը վթարից հետո մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի, մխրճվել է ГАЗель-ի մեջ ու եթե ГАЗел- ը կանգառում կանգնած չլիներ, Mercedes-ը կմխրճվեր կանգառում նստած քաղաքացիների մեջ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր էր ժամանել 35-ամյա Արտակ Ստեփանյան անունով քաղաքացին և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դ.Ավագյանին համոզում էր, որ Mercedes-ն ինքն է վարել, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ եղել է վթարի պատճառ, սակայն ճանապարհային ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատած, փորձառու Դ. Ավագյանին Ա. Ստեփանյանը չկարողացավ մոլորեցնել:

Կարճ ժամանակ անց Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին Mercedes-ի իրական վարորդին, ով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 44-ամյա Արմեն Մելիքյանն է: Վերջինը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com