Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

ArmeniaON, սեպտեմբերի 2: Նախագահ Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:

Միջոցառումներին մասնակցում էին ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է ԼՂՀ հռչակման 27-րդ ամյակը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: