«Հերացի» համալսարանական կլինիկայում տրավմատիկ անդամահատումից հետո կարել են ծանր վնասվածք ստացած 31-ամյա Ժորա Խաչատրյանի աջ թեւը: Վիրահատությունը տեւել է 7,5 ժամ:

ArmeniaOn, սեպտեմբերի 6: Ժորա Խաչատրյանը Արագածոտնից է, նա ծանր վնասվածք է ստացել արտադրամասում: Վերջույթը հաջողվել է վերականգնել ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, տրավմատոլոգների եւ նեյրովիրաբույժների համակարգված աշխատանքի շնորհիվ:

Վնասվածքաբանների կողմից ժամանակին կատարված ոսկորների ամրացմանը հաջորդել է անոթավորման և պոկված վերջույթի ռեպլանտացիայի (վերականգնման) բարդագույն վիրահատությունը:

«Նման իրավիճակները շատ բարդ հարցի լուծում են պահանջվում: Անհրաժեշտ է կատարել ճիշտ հաշվարկ, գնահատել ռիսկը, որպեսզի իմանաս լավ արդյունքի հավանականությունը գերազանցում է վատին, թե ոչ»,-լրագրողներին հայտնել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը:


Բժշկի խոսքով՝ տուժածի մոտ նման լուրջ վնասվածքը առաջացնում է սթրես, շոկային վիճակ, հանգեցնում արյան մեծ կորստի, սակայն շնորհիվ Ժորա Խաչատրյանի բժիշկներին վստահելուն, լավատեսությանն ու հավատին հաջողվեց հասնել դրական արդյունքի:

«Նախ կատարվում է վերքի առաջնային մշակում, ճիշտ է գնահատվում հիվանդի եւ կորցրած վերջույթի վիճակը, որից հետո որոշում է ընդունվում՝ այն վերականգնման ենթակա է, թե ոչ: Սա բարդ դեպք էր: Նման վնասվածքները դժվար է վերականգնել: Մեր վնասվածքաբանները ժամանակին ամրացրին մկանները, որից հետո սկսվեց վերաիմպլանտացիայի պրոցեսը, որը հաջող անցավ»,- հայտնել է բժիշկը:

Նրա խոսքով՝ վիրահատությունը սկսելուց արդեն 2-2,5 ժամ հետո վերականգնվել է արյան շրջանառությունը: «Հիվանդը գիտակցության մեջ է, նրա վիճակը համապատասխանում է ստացած վնասվածքին եւ տարած վիրահատությանը: Մենք ճիշտ որոշում ենք ընդունել՝ նրա թեւը վերականգնելով»,- նշել է վիրաբույժը:

«Համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք վերջույթը լիովին վերականգնել, եւ լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չի լինի, քանի որ վիրահատության ժամանակ մենք ստիպված էինք թեւը 5 սմ-ով կարճացնել»,- տեղեկացրել է Սահակյանը:

Նման դեպքերում վերականգնման ժամանակահատվածը տեւում է 1-1,5 տարի: Մինչդեռ բժիշկները վստահ են, որ Ժորա Խաչատրյանը կկարողանա վիրահատված ձեռքն օգտագործել եւ նույնիսկ գրել:

«Հիվանդը լավատեսորեն է տրամադրված, իրեն քաջասիրտ է պահում: Սա կօգնի նրա հետագա վերականգնման գործին, քանի որ շատ կարեւոր է, որ հիվանդը վստահի բժշկին եւ լավատես լինի»,- շեշտել է վիրաբույժը:

Այժմ ծանր վնասվածք ստացած երիտասարդը գտնվում է համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը համապատասխանում է իր ստացած վնասվածքի հետվիրահատական ընթացքին: