Երևանում աղբահանության կազմակերպման հարցն այն կարևորագույններից է, որին մայրաքաղաքի նոր իշխանությունները վերջապես պետք է լուծում տան:

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ

ArmeniaOn, սեպտեմբերի 7: Հիմա տեսնում ենք, թե ինչ քաոսային իրավիճակ է ստեղծվել «Սանիթեք» ընկերության հետ կապված՝ ամենուրեք չհավաքված աղբի կուտակումների խայտառակ պատկերների ենք ականատես լինում, և այդ ամենը շուտափույթ, առաջնահերթ կերպով շտկման կարիք ունի:

Եկեք դիտարկենք, թե ինչպես է ընդհանուր առմամբ աղբահանության հարցը լուծվում եվրոպական ցանկացած քաղաքում: Բնակիչը տնային աղբը հավաքում է համապատասխան պլաստիկ պարկերի մեջ և դուրս է բերում բակ (ուշադրություն. բակ՝ ոչ թե փողոց): Բակային համատիրությունների կողմից բակի ողջ տարածքը բաժանված է երկու-երեք հատվածների՝ ըստ շենքերում բնակվող բնակարանների քանակի:

Ամեն հատված իր առանձին աղբամաններն ունի (ուշադրություն. կափարիչով փակվող)՝ նախատեսված կենցաղային աղբի, պլաստիկի և ապակու համար: Այդ աղբամանները տեղադրված են փակ ցանցապատված տարածքներում, և բնակիչներին հատկացվում են իրենց կողմից թափվող աղբի համապատասխան տարածքի դռան բանալիները: Այդ տարածքում, ըստ անհրաժեշտության, կարելի է նաև առանձին թողնել մակուլատուրա, փայտյա և այլ իրեր: