Մեծ հանդիսավորությամբ կայացավ «Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի զբոսաշրջության ոլորտի ամենամյա հերթական 5-րդ մրցանակաբաշխությունը:

ArmeniaON, սեպտեմբերի 9: Նոր անվանակարգերի ավելացումը վկայում էր, որ միջոցառումը տարեցտարի առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում: Նախորդ տարի ներկայացված 12 անվանակարգերին այս տարի ավելացել էին «Արցախի տարվա ռեստորան», «Տարվա տուրիստական ստարտափ» և «Տարվա էկոնախագիծ» անվանակարգերը:

Մրցանակների արժանացած կազմակերպություններն, ակնհայտորեն, աչքի էին ընկնում իրենց գործունեության ոլորտում, ինչը վկայում էր մրցանակաբաշխության անաչառության մասին:

Մրցանակաբաշխությունը նվիրված էր ոչ միայն զբոսաշրջության, այլև մշակույթի և կրթության ոլորտներում գործունեություն ծավալողներին:

Մրցանակներ տրվեցին «Էքստրեմալ տուրիզմի տարվա նախագիծ», «Ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա ծրագիր», «Տարվա տուրիստական նախագիծ», «Տարվա էքսկուրսավար», «Տարվա տրանսպորտային կազմակերպություն», «Տարվա թանգարան», «Տարվա հանգստյան տուն», «Ներգնա տուրիզմի տարվա տուրօպերատոր», «Արցախի տարվա հյուրանոց», «Հայաստանի տարվա ռեստորան» և «Տարվա հանգստյան քաղաք», «Արցախի տարվա ռեստորան», «Տարվա տուրիստական ստարտափ» և «Տարվա էկոնախագիծ» անվանակարգերում:

Մրցանակակիրների շարքում էին «Յելլ էքստրիմը»՝  «Էքստրեմալ տուրիզմի տարվա նախագիծ» անվանակարգում, «Մարաշլյան ֆոտոատելյեն»՝ «Ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա ծրագիր» անվանակարգում, «Շերեփ» ռեստորանը՝ «Հայաստանի տարվա ռեստորան» անվանակարգում: «Վալլեքս Գարդեն հոթելը» ճանաչվեց «Արցախի լավագույն  հյուրանոց», Սարյանի տուն-թանգարանը՝ «Տարվա թանգարան», իսկ Դիլիջանը՝ «Տարվա հանգստյան քաղաք»:

Մրցանակակիրները ստացան Մրցանակաբաշխության արձանիկը, որը պատրաստվել է հայտնի դիզայներ Մարգարիտա Մատուլյանի էսքիզի հիման վրա: Իսկ հյուրերը կրում էին արձանիկի պատկերով կրծքանշաններ:

Զբոսաշրջության զարգացման գործում իրենց ունեցած ներդրման համար տրվեց նաև ոչ մրցույթային կարգով ընտրված 2 մրցանակ`տարվա ավելի դինամիկ զարգացող ընկերությանն ու միջոցառման գլխավոր գործընկերոջը:

Ոլորտի ներկայացուցիչներից բացի մրցանակաբաշխությանը ներկա էին պատվավոր հյուրեր՝ Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպաններ, կրթության և գիտության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտում գործունեություն  ծավալող ընկերությունների ղեկավարներ:

Իսկ միջոցառման ընթացքում հնչող բարձրաճաշակ երաժշտությունն ու տոնական ընթրիքը, որն ավարտվեց բոլոր հյուրերի համար նախատեսված մեծ տորթի համտեսմամբ, առավել հիշարժան դարձրեցին երեկոն:

լուսանկարները՝ novostink.ru