Բժշկական սխալի հետևանքով երեխաների մահացության դեպքերի մասին, ցավոք, ծնողները հաճախ են ահազանգում: Եվ առավել հաճախ այդ ահազանգերը ինչ-որ կերպ կապված են պատվաստումերի հետ: Ամիսներ առաջ 5 ամսեկան փոքրիկի մահվան դատաբժշկական փորձաքննության արդյունքը ևս մոր մոտ հավատ չի ներշնչում:

ArmeniaOn, սեպտեմբերի 13: Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի բնկաչուհի Մարիամ Ղազարյանի պնդմամբ իր 5 ամսեկան որդու մահվան պատճառը բժիշկների անփութությունն է: Երեխայի մահվան պատճառի մասին դատաբժշկական փորձաքննության արդյունքը չի մեղմացնում բժիշկների մեղավորության աստիճանը, քանի որ երեխայի մահվանը նախորդած հանգամանքներն այլ բան են ասում: Իսկ դատաբժշկի եզրակացությունից հետո անցել է շուրջ 2 ամիս, բայց որևէ մեկը պատասխան չի տվել կատարվածի համար, մեղավորների մասին առայժմ չի խոսվում:

Ըստ դատաբժշկական փորձաքննության երեխայի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի հետևանքով: Թե ինչով է պայմանավորված եղել այն, ներկայացված է դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, որ ներկայացնում ենք ստորև:

Երեխայի մայրը, Մարիամ Ղազարյանը նկատում է, որ դատաբժշկի եզրակացության մեջ որպես մահվան պատճառ նշված է թոքաբորբը, սակայն խնդիրն այն է, որ համապատասխան բուժում չստանալու հետևանքով է օրգանիզմը թունավորվել:

«Երեխաս համապատասխան բուժում չի ստացել, դրանից հետո թոքերը ջուր է լցվել, ինչը տարածվել է ամբողջ օրգանիզմում և թունավորել: Վերջին պահին սիրտը կանգ է առել ու պոչկաները ատկազ են արել: Այստեղ խոսում է բժիշկների կատարյալ անգրագիտությունը: Մեր տեղամասային բժիշկն էլ չի հասկացել ու երեխուս մեկ շաբաթից ավել հազի դեմ դեղ է նշանակել: Միայն թոքերն են լսել ու վերջ, ոչ մի անալիզ», – ասում է Մարիամը:

Իսկ որպեսզի առավել հասկանալի լինի երեխայի մոր վրդովմունքն ու երեխայի մահվան մեջ բժիշկներին մեղադրելու նրա պնդումը, ստորև ներկայացնում ենք մահվանը նախորդած իրադարձությունների մանրամասները, որ մեզ պատմել է Մարիամը:

«2017 թվականի դեկտեմբերի 13-ին լույս աշխարհ եկավ իմ տղան՝ լիովին առողջ, ամեն բան նորմալ էր իմ երեխայի մոտ, – պատմում է փոքրիկի մայրը, – 2018 թ-ի փետրվարի 20-ին նրան կանչեցին պատվաստման: Ես տեղեկացրեցի Զվարթնոցի տեղամասային բժշկին, որ ամուսինս վարակված է վիրուսով և արդյոք վտանգավոր չէ այդ դեպքում երեխայի պատվաստումը»:

Բժիշկը պատասխանը եղել է՝ «որևէ խնդիր չի լինի»:

«Լսելով նրան՝ թույլ տվեցի, որ երեխայիս պատվաստեն, ինչը եղավ իմ մեծագույն սխալը», -ասում է Մարիամը:

Պատվաստելու հաջորդ օրն իսկ երեխայի մոտ սկսվում է ուժեղ խեղդող հազ: Մայրն անմիջապես դիմում է տեղամասային բժշկուհուն, սակայն, կրկին բախվում է բժշկական անտարբերության:

«Զանգահարեցի բժշկուհուն, ասաց, թե գործեր ունի և չի կարող գալ: Խորհորդ տվեց տեղափոխել Էջմիածնի հիվանդանոց: Սակայն, հաշվի առնելով այդ հիվանդանոցի հակասանիտարական վիճակը, ստորագրությամբ երեխայիս տեղափոխեցինք Արաբկիր Բժշկական կենտրոն», -պատմում է  Մարիամը :

Արաբկիր ԲԿ-ում զննելուց հետո որոշում է կայացվում երեխային տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություններից պարզ է դառնում, որ վերին շնչուղիների բորբոքում կա երեխայի մոտ և մեկ շաբաթում նրան բուժում ու տուն են  ուղարկում:

«Մեր տեղամասային բժշկուհու անփութության կամ անգրագիտության պատճառով երեխաս երեք ամիս անց կրկին հայտնվեց հիվանդանոցում, – ասում է Մարիամը: – Մայիսի սկզբներից երեխաս հազում էր, նորից տարա նրա մոտ զննելու, նշանակեց՝ Բիսեպտոլ, Սալիվին, Դոկտոր մոմ, ասելով, որ թեթև հազ է երեխայի մոտ»:

Նշանակումները 5-6 օր շարունակ կանոնավոր կատարելուց հետո երեխայի վիճակը չի լավանում, դեղերն օգուտ չեն տալիս, մայիսի 8-ին այդ մասին տեղյակ է պահվում տեղամասային բժշկին, սակայն նա պնդում է, որ երեխայի մոտ ոչինչ չկա, իսկ Երևանի հիվանդանոց տանելու համար ուղեգիր տալու ծնողի խնդրանքին արձագանքը լինում է՝ «Ուղեգիրը խաղալիք չէ»:

Փոքրիկի կյանքն իր ձեռքում խաղալիք դարձրած, այսպես կոչված, բժիշկը, որ մինչ այդ պնդում էր, թե երեխայի մոտ ամեն ինչ նորմալ է, րոպեներ անց, լսելով երեխայի հազը, «Սուր բրոնխիտ» ախտորոշմամբ նրան շտապ «ուղեգրով» ուղարկում է հիվանդանոց:

Արաբկիր բժշկական կենտրոնում թոքերում ոչինչ չեն հայտնաբերում, բայց խորհուրդ են տալիս կապույտ հազի անալիզ տալ Նորք-Մարաշ ԲԿ-ում: Այստեղ ժպտալով պատասխանում են՝ հնարավոր չէ, որ այդ աշխույժ երեխան կապույտ հազ ունենա և անալիզ տալու կարիք չի լինում:

«Մայիսի 10-ին լույս 11-ի գիշերը երեխաս սկսեց ջերմել՝ 39 աստիճան էր, – շարունակում է պատմել Մարիամը, – անմիջապես զանգահարեցի շտապ օգնություն, բայց չեկան, պատճառաբանելով, թե գալու դեպքում էլ ոչինչ չեն կարող անել, ասացին տարեք հիվանդանոց»:

Այստեղ ևս Մարիամը բախվել է բժիշկների անփութությանը, և ինչ էր մնում անել, քան արագ երեխային հասցնել մարզային հիվանդանոց: Այնտեղ նրան, առանց պրոբայի, ներարկում են ԱՆԱԼԳԻՆ-ԴԻՄԵԴՈԼ, առաջարկում են սոնոգրաֆիա անել, բայց քանի որ տեղում նման սարք չունեն, ուղարկում են մայրաքաղաքային հիվադանոց: Արաբկիր բժշկական կենտրոնում երեխային զննում են և կրկին ոչինչ չեն հայտնաբերում: Ու քանի որ երեխան, ըստ բժիշկների, առողջ էր, սոնոգրաֆիա չեն անում, ճառագայթումից խուսափելու համար: Բայց երեխան շարունակում է լաց լինել…

Ու չնայած ծնողների հորդորին, որ երեխային բժիշկների հսկողության տակ պահեն, նրանց տուն են ուղարկում, ասելով, որ կարիք չկա: Տուն վերադարնալուց հետո ժամեր անց, սակայն, ստիպված են լինում երեխային արդեն ծայրահեղ ծանր վիճակում կրկին տեղափոխել Արաբկիր ԲԿ:

«Նկատեցինք, որ երեխայի մաշկը ամբողջությամբ պատվել է կապույտ ցանով: Դա տեսնելով, մանկաբույժն անմիջապես ուղարկեց վերակենդանացման բաժանմունք: Բայց մինչ հիվանդանոց բերելը երեխայիս մոտ ոչինչ չկար, ես եմ շորերը հագցրել՝ ոչ մի ցան չկար: Ռեանիմացիայի բժիշկը ժամը մեկ դուրս էր գալիս, հարցնում էր, ինչ դեղ է ընդունել և ասաց, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ուզում ենք իմանալ այդ ինչ դեղ է, որ ախտահարել է երեխայի ամբողջ օրգանիզմը: Ասացին, որ երեխայի լյարդը լայնացած է եղել 3-4 սմ, զարկերակային ճնշումն ընկած է: Բայց մինչ այդ ընդունարանում նրան զննել էին…

Հոտո … ասացին….Ձեր երեխային չկարողացանք փրկել….»:

Ըստ դատաբժշկական փորձաքննության, փաստորեն, երեխայի երիկամները չեն գործել և երկկողմանի թոքաբորբ է տարել, թոքերը ամբողջությամբ ջրի մեջ են եղել:

Մարիամը չի հավատում, ասում է՝ «ընդամենը ժամեր առաջ երեխաս ուրախ խաղում էր, անգամ նկարվել ենք: Ժամերի ընթացքում երեխայիս սպանեցին, հենց բառիս ուղիղ իմաստով: Փաստացի ունեմ տեսանյութերը, ֆոտոները՝ ամսաթվով, ժամով: Իմ երեխան 5 ամսեկան էր, 10 կգ, իր հասակակիցներից առողջ, աշխույժ ու լավ զարգացած»:

Ներկայացնում ենք դեպքից ժամեր առաջ արված տեսանյութը:

Մարամը վստահ է, բժիշկների անգրագիտության հետևանք էր դա, որոնք այդպես էլ չկարողացան հասկանալ իր երեխայի խնդիրը:

«Նախ՝ ես կարծում եմ, որ իմ երեխայի ինքնազգացողությունը վատացավ հենց տեղամասային բժշկուհու նշանակած դեղերից, քանի որ պարզել եմ՝ Բիսեպտոլը համարվում է անտիբիոտիկ և դա թույլատրվում է մեկ տարեկանից բարձր երեխաներին:

Երկրորդ սխալը Էջմիածնի մանկական բաժնի հերթապահ բժիշկներինն էր՝ որոնք երեխայիս ներարկել են Անալգին-Դիմեդրոլ, ինչն էլ նպաստել է երեխայիս արագացված վախճանին:

Եվ երրորդ սխալը՝ Արաբկիրի բժիշկներինն էր, որոնք իրավունք չունեին այդ վիճակում երեխայիս ուղարկել տուն, պարտավոր էին սոնոգրաֆիա անել և իրենք դրա համար են կոչվում բժիշկ», – սեփական հետաքննությունն է արել իր փոքրիկին ամիսներ առաջ կորցրած մայրը և ասում է, որ այլևս թույլ չի տալու, որ բժիշկական սխալի պատճառով որևէ ծնող զգա իր երեխային կորցնելու ցավը:

Երեխային կորցրած մայրն այսօր մատնանշում է բժիշկական սխալի առնվազն երեք դեպքի մասին: Իսկ որևէ մեկը փորձե՞լ է գնալ այդ հետքերով: Եթե բժիշկը մեղավոր չէ, ապա նրա անմեղությունը գոնե պետք է ապացուցված լիներ: Դեպքի նման մանրամասն նկարագրությունը պետք է որ օգնած լիներ համապատասխան մարմիններին մեղավորներին գտնելու հարցում, իսկ եթե անգամ մասնագիտորեն բժշկական սխալը մահվան պատճառ տվյալ դեպքում չի հանդիսացել, ապա բժիշկների վերաբերմունքը անկասկած նպաստել է, ինչը որևէ մեկը չի կարող հերքել, քանի որ կոչումով բժիշկը ոչ թե անտարբեր, այլ «շտապ» արձագանքող բժիշկն է:

Մարիամը շարունակում է ահազանգել, նման դեպքերը այլևս բացառելու համար: Նա դիմել է տարբեր պատկան մարմինների, նաև առողջապահության նախարարություն, ակնկալելով, որ կատարվածն անարձագանք չի մնա: Նախարարությունը վստահեցրել է, որ հարցը ուշադրության կենտրոնում է պահում, որպեսզի բացահայտվեն երեխայի մահվան իրական պատճառներն ու բոլոր մեղավորները: Մեր տեղեկություններով գործն ուղարկվել է կրկնակի փորձաքննության:

«Շատ նման դեպքեր կան, որ մինչև օրս չեն բացահայտվել: Ես մինչև վերջ գնալու եմ և թույլ չեմ տալու, որ այս գործն էլ կոծկվի», -ասում է Մարիամը:

Իսկ մեր խմբագրությունը շարունակելու է հետեևաողական լինել, որպեսզի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն և ի վերջո բացառվեն բժշկական սխալի կամ անտարբերության հետևանքով երեխաների մահվան դեպքերը: