Սեպտեմբերի 21-ի միջոցառումներն աննախադեպ են լինելու, իսկ կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը, որի կենտրոնում էլ այսօր տեղի ունեցավ անկախության տոնի միջոցառումներին նվիրված ասուլիսը:   

ArmeniaOn, սեպտեմբերի 18: Հանրապետության հարպարակում նախատեսվող միջոցառումն իր տրամաբանությամբ, սփռվածությամբ ու ապակենտրոնացված լինելով տարբերվող և աննախադեպ կլինի։ Այս մասին ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝։

Նա տեղեկացրեց, որ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները   տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ ավտոերթևեկության համար փակ է լինելու։

«Միջոցառումն անցկացվելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, սա հստակ ուղերձ է՝ հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր ունեցած փորձը։ Այս կարգախոսով յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է, ուղերձը հղվում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի ու հասկանա, որ ինքն անկախ է դրանից  բխող բոլոր հետևանքներով»,-ասաց նա։

Աղաջանյանի խոսքով՝ այս միջոցառումը լինելու է ներառական բոլորի իմաստներով։ Ըստ նրա՝ Հրապարակ տանող բոլոր բեմերում ներկայացվելու է գրեթե բոլոր ոճերի երաժշտություն, այսինքն՝ ներառելու է մշակութային  բոլոր շերտերը։

«Այս տեսանկյունից կարևոր տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից, երբ կար հստակ արտիստների խումբ, որոնք ինչ-որ չափով օգտվում էին պետության կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու մենաշնորհից։ Այս անգամ կտեսնեք երիտասարդ դեմքեր, որոնք անմիջական ֆորմատի մեջ ելույթ կունենան ՀՀ քաղաքացիների համար»,- շարունակեց Աղաջանյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին ընդունելություն կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26 կառավարական շենքում։

«Երևի տեղյակ եք՝ նախկինում այդ ընդունելությունները հիմնականում կազմակերպվում էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում: Այդտեղ ևս ձեզ սպասվում է բավականին հաճելի անակնկալ»,- մանրամասնեց Էդուարդ Աղաջանյանը:

Իսկ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը հայտնեց, որ միջոցառումների մեկնարկը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին:

«Միջոցառումների մեկնարկը տրվելու է կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ: Ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից սկսում են աշխատել նաև Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչև 23:00-ն: Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով»,-ասաց Հովհաննիսյանը:

Մայրաքաղաքում լինելու է փողային նվագախմբերի երթ, որը մեկնարկելու է ժամը 13:00-ից, Ազատության հրապարակից:  Փողային նվագախմբերի հավաքը լինելու է Հանրապետության հրապարակում: «Նվագախմբերի շքերթն իր ավարտը ունենալու է միասնական կատարումներով»,- նշեց Ռուբեն Հովհաննիսյանը:

Հանրապետության հրապարակում տեղադրված է լինելու տոնական ավան, որտեղ լինելու է ցուցահանդես-վաճառք, հայկական ուտեստների, գինիների և գարեջրի տեսականիների համտես: «Հանրապետության հրապարակում և ամբողջ մայրաքաղաքում տոնական միջոցառումները կամփոփվեն մեծ տոնական հրավառությամբ, որը կլինի ժամը 23:00-ին»,- ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը:

մանրամասները՝ tert.am