Հայաստանի տեսարժան վայրերը բազմազան են և ունեն պատմամշակութային, կրոնական բնապահպանական նշանակություն։

ArmeniaON, սեպտեմբերի 19. Հայաստանի գրավիչ զբոսաշրջային ուղղություններից առանձնացրել ենք 10 վայր, որոնք ամենից շատ են գրավում զբոսաշրջիկներին։

Մատենադարան

Մատենադարանը գտնվում է Երևանի սրտում և ամփոփում է իր մեջ հայ ժողովրդի անցած ուղու այն մասը, որը նվիրված է հայ գրերին:

Մատենադարան նշանակում է գրերի պահոց: Այն սկզիբ է առնում դեռևս 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը:
Մատերադարանը աշխարհի այն եզակի թանգարաններից է, որտեղ կարող եք տեսնել ձեռագրերի հսկայական հավաքածու՝ թվագրվող միջնադարից շատ ավելի առաջ:
Հին ձեռագիր մատյանների թանգարանում պահվում է ավելի քան 18 հազար ձեռագիր մատյան, որոնք պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության մասին եզակի նյութեր են հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։

Կասկադ

Արդի արվեստի թանգարան է՝ բաց երկնքի տակ։ Այսօրվա Երևանը դժվար է պատկերացնել առանց Կասկադի:

Սա և՛ երևանցիների, և՛ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Համալիրը ստեղծվել է 1970 թվականին, որի նպատակն էր իրար կապել Երևանի հարավային և հյուսիսային մասերը: Հետագա տարիներին անընդհատ վերափոխվել և կատարելագործվել է համալիրը, իսկ վերջնական տեսքի է բերվել 2002 թվականին՝ բարերար Լ. Գաֆեսճյանի հովանավորությամբ:
Կասկադի բարձունքից բացվում է հրաշալի տեսարան. երևում է Երևանը և Հայաստանի խորհրդանիշ դարձած Արարատ լեռը, իսկ շինության ներսում գործում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

Երևանի Կոնյակի գործարան

Երևանի կոնյակի գործարանը կառուցվել է դեռևս 1887 թվականին:
Գործարանի «Արարատ» կոնյակները ինքնին լեգենդ են, որոնք ամփոփում են Հայաստանի արևավառ ոգին, պատմամշակութային ժառանգությունը և հայ վարպետների հմտությունը:


Կոնյակի գործարանում կարելի է տեսնել տարբեր պետությունների ղեկավարների անուններով անվանական տակառներ: Թանգարանում Դուք կարող եք ծանոթանալ հայկական լեգենդար «Արարատ» կոնյակի ստեղծման պատմությանը, ականատես լինել կոնյակի արտադրման փուլերին և հենց աղբյուրից համտեսել տարբեր տեսակի հայկական կոնյակների անկրկնելի համն ու բույրը:
Դուք կշրջեք նաև գործարանի թանգարանում և կծանոթանաք կոնյակագործության լեգենդին, կտեսնեք հնագույն հայկական տակառները, կիմանաք 100-120 տարվա վաղեմություն ունեցող առաջվա հայկական կոնյակների մասին, ովքեր են միայն հայկական կոնյակ օգտագործել, ինչ մեդալներ են զարդարում «Արարատ» կոչվող լեգենդը: Կշրջեք և հնեցման արտադրամասում և կտեսնեք, թե ինչպես են պահպանվում կոնյակները, կիմանաք, թե ովքեր ունեն իրենց անվանական տակառները, կվայելեք արտադրամասի անկրկնելի բույրը, իսկ համտեսի սրահում կանցկացնեք անմոռանալի ժամանակ` վայելելով նրբահամ կոնյակներ:

Էջմիածնի մայր տաճար

Էջմիածնի մայր տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնն է, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը:

Գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ըստ գիտնականների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է, բայց ոչ առաջին եկեղեցին։ Համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը։

Տաթևի վանք և «ՏաԹևեր» ճոպանուղի

IX դարի պատմական այս հուշարձանը հայ ճարտարապետության բացառիկ նմուշ է, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը։


«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում:

Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս:

Նորավանք վանական համալիր

Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։

Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։ Նորավանքը գերում է էներգիայի ուժով և շրջակա բնության գեղեցկությամբ։

  1. Սևանա լիճ

Սևանա լիճը վաղուց ի վեր համարվում է հայ ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից ու ուխտավայրերից մեկը:


Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը: Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ, աշխարհի քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի մեծ լճերից է, այն նախկինում կոչվել է Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: Լճին առանձնակի հմայք են տալիս շուրջպար բռնած Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները: Կապուտաչյա գեղեցկուհին ներառվել է Եվրոպայի ամենագեղեցիկ ու մատչելի վայրերի ցանկում:

Գեղարդ

Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից մեկն է, մեր յուրօրինակ հնություններից մեկը։

Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին ։ Շինությունը ներառված է UNESCO -ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Վանքը կառուցվել է IV դարում: Ի սկզբանե այն կոչվում էր Այրիվանք, ինչը բառացիորեն նշանակում է «քարանձավում գտնվող վանք»։ Վանքը ժայռափոր կառույցների բարդ համալիր է՝ կազմված գլխավոր տաճարից, երկու գավիթներից և երկու եկեղեցիներից, ունի նաև մի շարք խուցեր և դամբարաններ։ Ժայռափոր շինության մուտքը, ներսի պատերն ու սյուներր զարդարված են գեղեցիկ քանդակներով։ Տեղանքին յուրօրինակ գրավչություն ու վեհություն են տալիս վանքը շրջապատող բարձրաբերձ քարաժայռերը։

Գառնու հեթանոսական տաճար

Գառնին Հայաստանի միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարն է: Անտիկ դարաշրջանին պատկանող Գառնու տաճարը կառուցվել է առաջին դարում։

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գրեթե 1500 տարի կանգուն մնալուց հետո ավերվել երկրաշարժից, ապա վերակառուցվել։ Այսօր Գառնիի Մայր տաճարը համարվում է Հայաստանի զբոսաշրջային ամենաակտիվ վայրերից մեկը:

Խոր Վիրապ

Խոր Վիրապ վանական համալիրը գտնվում է Փոքր Վեդի գյուղի մոտ, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի միջնաբերդի տեղում: Ըստ IV դ. պատմիչ Ագաթանգեղոսի, հենց այս միջնաբերդի վիրապում է 14 տարի իր չարչարանքները կրել Տրդատ Գ Մեծի կողմից հալածված` քրիստոնեության քարոզիչ Գրիգոր Ա Լուսավորիչը:

Այսօր Խոր Վիրապը նույնպես Հայաստանի տեսարժան վայրերից մեկն է։ Այստեղ հաճախ ամուսնության և մկրտության արարողություններ են անցկացվում: Խոր վիրապի եկեղեցու տարածքից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։