«Հին Երևան» ծրագրով վերակառուցվելու է նաև Բյուզանդի 4 հասցեում գտնվող 20-րդ դարի սկզբի մի յուրօրինակ շինություն՝ Մկրտիչ Ենգիբարյանի տունը:

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ

ArmeniaOn, սպտեմբերի 19: Շենքի կառուցման ժամանակահատված է համարվում 1907-1910 թվականները, իսկ ճարտարապետն է եղել Երևանում բազմաթիվ շենքերի հեղինակ, տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը:

Հայտնի է, որ այս շենքը պատկանել է վաճառական, Երևանի քաղաքային խորհրդի (դումայի) պատգամավոր Մկրտիչ Ենգիբարյանին, ով նաև բավականին հաջողակ գործարար էր և զբաղվում էր Պարսկաստանից և Թուրքիայից նավթի արտահանմամբ:

Կա այսպիսի մի պատմություն, ըստ որի Մկրտիչ Ենգիբարյանը ճարտարապետին պատվիրել էր հենց այս տիպի՝ երեք առանձնացված սյունազարդ մուտքերով շենք, քանի որ նա երկու որդի է ունեցել, և այսպիսով շենքի աջակողմյան և ձախակողմյան հատվածները նախատեսել էր իր երկու զավակների համար:

Հետաքրքիր և թերևս քիչ հայտնի փաստ է նաև այն, որ այս նույն շենքում 1918-1920 թվականներին ապրել է Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր ռազմական և պետական գործիչ, 1918 թվականի Բաշ-Ապարանի մայիսյան հերոսամարտի կազմակերպիչ Դրոն՝ Դրաստամատ Կանայանը, իր ընտանիքով: Կարծում ենք, որ շենքի վերականգնման աշխատանքների ավարտից հետո այստեղ պարտադիր պետք է տեղադրվի հայ ազգային ազատագրական շարժման մեծ նվիրյալի համապատասխան հուշատախտակը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here