Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ Մեծ Բրիտանիայի Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում հիշատակվել է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը:


ArmeniaON, սեպտեմբերի 24. Առաջին հանրապետությունն ընկավ ռուս-թուրքական ագրեսիայի ու սեպարատ պայմանագրերի հետեւանքով: Հայաստանի տարածքները բաժանվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ: Այդ պայմանագրերի ժամկետը լրանում է 2021 թ.:
Ռուսաստանն ու Թուրքիան պարտվել էին Առաջին աշխարհամարտում եւ իրենց խնդիրները լուծեցին այդ թվում հայկական շահերի ու տարածքների հաշվին:
Նոր աշխարհակարգի համար ներկայում «հիմք» է ընդունվում Առաջին աշխարհամարտից հետո ստեղծված ստատուս-քվոն, մինչ ռուսները պնդում են Երկրորդ աշխարհամարտի արդյունքների վրա, որին իրենք եղել են հաղթողների մեջ: Սակայն Յալթայի համաձայնությունները փլուզվել են ԽՍՀՄ փլուզմամբ: Արցախի պատերազմում հաղթանակը Յալթայի աշխարհի փլուզման քաղաքական տրամաբանության մեջ է:
Այս պարագայում քաղաքական օրինաչափություններն ակնհայտ են:
Եղիսաբեթ Թագուհու ուղերձում ասվում է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը: Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը, և ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»:
Հայ-բրիտանական պատմական սերտ կապերի օրինակ է Առաջին հանրապետության օրոք՝ 1919 թ. մայիսին Բրիտանական զորքերի աջակցությամբ Նախիջեւանի ազատագրումը թուրք-թաթարական զորքերից: Հետագայում ռուսները Նախիջեւանը նվիրեցին Ադրբեջանին՝ ռուս-թուրքական համաձայնությամբ:
Բրիտանիայի հետ հարաբերություններում կան նաեւ բացասական դրվագներ, բայց դժվար թե Թագուհին դրանք հիշատակեր իր ուղերձում: Ընդհանրապես, քաղաքականության մեջ ցանկացած զարգացում իմաստավորվում է անկախ պետականության պայմաններում: Արեւմտյան երկու առաջատար պետությունների ղեկավարների կողմից Առաջին հանրապետության հիշատակումը հատկանշական է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

lragir.am