«Ոսկե Բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի «ժանգոտ կողպեք» չէր նախատեսել: 

ՍԱՌԱ ՑԱԿԱՆՅԱՆ

ArmeniaOn, սեպտեմբերի 29: Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորվելու նպատակով արդեն 16֊րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե Բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։

«Ոսկե բանալի» շնորհվում է այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում աշխատել են բաց և հրապարակային, քաղաքացիների և լրագրողների հարցումներին տվել են ճիշտ ժամանակին լիարժեք պատասխաններ։ Իսկ «ժանգոտ կողպեք»`այն կառույցներին, որոնք գաղտնի և փակ են աշխատել ու խոչընդոտել են լրագրողների աշխատանքը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը և նշեց, որ այս տարի լինելու է միայն ոսկե բանալի և մրցանակակիրները չորսն էին՝ ինչպես պետական համակարգից, այնպես էլ քաղաքացիական հասարակության ոլորտից։

Իսկ թե ինչու՞ այս տարի չկար «ժանգոտ կողպեք» մրցանակ, Շուշան Դոյդոյանը պարզաբանեց.

«Այս տարի չուզեցինք շտապել և հիմնվել ընդամենը երեք֊երկուսուկես ամիսների կյանք ունեցող կառավարության արդյունքների վրա։ Որոշեցինք «ժանգոտ կողպեք» մրցանակը դնել դարակում և սպասել մեկ տարի»։

Այսպիսով, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մրցանակաբաշխության դրական մրցանակը`«Ոսկե բանալին», շնորհեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • Տեղեկատվության ազատության իրավունքից ազատ օգտվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա արդեն երրորդ ոսկե բանալին է ստանում, այս անգամ՝ նախարարի կարգավիճակում։
  • Բաց կառավարման գործընկերության գործընթացների համակարգող Լիլիա Աֆրիկյանին։
  • «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությանը:
  • ampop.am կայքին։

Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Տեղեկատվության ազատության միջազգային իրավունքի փորձագետ Լիա Էսեքսը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության օրվան նվիրված ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպում է 2003֊ից։