«Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախմբի սաները գեղեցիկ կատարումով են արտահայտում իրենց բողոքը: Այսօր երգչախմբի սաները փակել էին Արամի փողոցը:

ԷԼԵՆԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

 ArmemniaOn, սեպտեմբերի 29: «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը պահանջում են չքանդել Արամի 23 հասցեում գտնվող շենքը: Հենց այդ շենքում են գտնվում երգչախմբի փորձասենյակները:

Երեխաները սեպտեմբերի 15-ին ևս բողոքի ակցիա են իրականացրել: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը նշեց, որ պայքարելու են մինչև վերջ շենքը պահպանելու համար, անգամ հասցրել են նամակ գրել վարչապետին:

Վստահում եմ նոր կառավարությանը և համոզված եմ, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն շենքը պահպանելու և ամրացնելու համար, – հավելեց Տիգրան Հեքեքյանը: 

Արամի 23 էր եկել նաև երգիչ Արթուր Իսպիրյանը իր երեխաների հետ՝ երգչախմբի սաներին աջակցելու: Նա հորդորեց հավաքվել ու կանգնել երեխաների կողքին և թույլ չտալ, որ շենքը քանդեն: Փոքրիկ երգիչները իրենց կատարումներով կոչ էին անում միանալ և պահպանել Հին Երևանից մնացած շենքը: 

Ագանեն երգչախմբի սաներից է: Նա նշում է, որ ընտրել են պայքարի այս ձևը, որպեսզի իրենց կատարումներով մարդկանց ապացուցեն, որ սիրում են երգչախումբն ու երաժշտությունն առհասարակ և առանց դրանց կյանք չունեն: 

Ակցիայի ընթացում տեղում կազմակերպվեց ստորագրահավաք, որին մասնակցեցին նաև լրագրողները՝ այս կերպ ցույց տալով իրենց աջակցությունը փոքրիկ երգիչներին: