Ազնավուրը կլինի ֆրանսիացի առաջին երգիչը, ում այս արարողակարգով կճանապարհեն դեպի հավերժություն։


ArmeniaON, հոկտեմբերի 3. Փարիզի «Հաշմանդամների պալատում» հոկտեմբերի 5-ին տեղի կունենա «Ազգային հարգանքի տուրքի» արարողություն` նվիրված Շառլ Ազնավուրին։
Հարկ է նշել, որ սա հոգևոր արարողություն չէ, այլ ազգային հերոսին ճանապարհելու կանոնակարգ։ Նման պատվի արժանանում են հիմնականում զինվորականներ, նաև Ֆրանսիայի համար մեծ գործ կատարած բացառիկ գործիչներ։

Ըստ կանոնակարգի, դագաղը կծածկվի Ֆրանսիայի դրոշով, իսկ պաշտոնական պատվիրակությունը կղեկավարի երկրի նախագահը, ով նաև հատուկ խոսքով հանդես կգա։

Լեգենդար երգչի թաղման արարողության մասին առայժմ հայտարարություն չկա, սակայն Ազնավուրի ցանկությամբ նրան կհուղարկավորեն իր ծնողների և որդու կողքին։ Գերեզմանը գտնվում է Փարիզից ոչ հեռու` Մոնֆոր-Լամորիում, որտեղ Ազնավուրն արդեն իսկ կառուցել է իր գերեզմանատեղը։

«Հաշմանդամների պալատը» Փարիզի տեսարժան վայրերից մեկն է, այս շենքում Ֆրանսիական ռազմական թանգարանն է (Musée de l’Armée)։ Այստեղ են գտնվում Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։

Ազնավուրի ընտանիքը սկզբում նշել էր , որ համեստ արարողություն է ցանկանում, սակայն բազմաթիվ պաշտոնյաներ առաջարկում էին երգչին որպես հերոս ճանապարհելու տարբերակը, որն էլ, ի վերջո, հաստատվեց։

mediamax.am