Բանակցություններն ավարտվեցին. ընտրությունները կկայանան դեկտեմբերին:

ArmeniaOn, Հոկտեմբերի 3: Խորհրդարանականներին վարչապետը առաջարկել է ստորագրել փաստաթուղթ, որի համաձայն առաջիկա օրերին վարչապետը հրաժարական կտա, իսկ Խորհրդարանական ուժերը չեն առաջադրի վարչապետի թեկնածու և դեկտեմբերին կկայանան խորհրդարանական ընտրություններ:

Խորհրդարանական ուժերը բանավոր վստահեցրել են, որ չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել:

«Ես ասացի՝ պետք է գիտակցել, որ  դա խելամիտ սցենար չէ, իմ կարծիքով, այսօրվա իրավիճակն է ցույց տալիս, որ դա մարդկանց մոտ կառաջացնի վատ արձագանք: Ես կարծում եմ, որ մենք պետք է ստորագրենք փաստաթուղթ, որ էսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, երկու անգամ վարչապետ չի ընտրվի, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, կարծես թե, ասացին, որ ըստ էության, ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին: Նրանք բանավոր ասացին, որ անկախ հուշագրից՝ իրենք չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ով վարչապետի տպավորությամբ ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի:

Իսկ հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար:

Այսօրվա անելիքներն էլ վարչապետ Փաշինյանը գնահատեց գերազանց: