Քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:  

ArmeniaOn, հոկտեմբերի 6: Գ. Շամշյանի տեղեկություներով, մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի ղեկավարությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:

Այս պահին նշված հացատուն են ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնակատար Արման Պապյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը, ում կողից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի մի քանի հոդվածներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով, եվս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Այս պահին նշված հացատանը աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի և փորձաքրեագետներ Վոլոդյա Հովհաննիսյանի և Անդրանիկ Պողոսյանի գլխավորրությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված հացատան կուպեներից մեկում հայտնաբերել են հրազեն, կրակված պարկուճներ և արյան հետքեր:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի