Ուզբեկստանում կայացած «ՏԵՖԻ-Համագործակցություն» փառատոնի մրցանակաբաշխությանը Հայաստանից մրցանակի արժանացավ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմը:  

ArmeniaON, հոկտեմբերի 8. Հայաստանը «ՏԵՖԻ-Համագործակցություն-2018» փառատոնի հաղթողների շարքում է՝ Հայկ Օրդյանի  «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմով, որ ներկայացրել էր Հ2 հեռուստաալիքը։ Այս մասին հայտնում է Sputnik Ուզբեկստանը։

Սա արդեն Հայկ Օրդյանի երկրորդ մրցանակն է «ՏԵՖԻ-Համագործակցություն» փառատոնի շրջանակում:Նրա «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» կարճամետրաժ փաստագրական ֆիլմը 2012 թ-ին Աստանայում արժանացել է «Տեֆի» հեղինակավոր մրցանակի`լավագույն փաստագրական ֆիլմ անվանակարգում:

Այս տարի փառատոնն անցկացվել է Տաշքենդում։ «ՏԵՖԻ-Համագործակցություն» փառատոնը, որ անցկացվում է 2011 թ-ից հետխորհրդային պետություններում , առաջին անգամ էր տեղի ունենում Ուզբեկստանում:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, քանի որ սա առաջին հերթին շփվելու լավ հնարավորություն է: Այնպիսի տպավորություն է, որ հանդիպել ես ընկերներիդ, որոնց ճանաչում ես շատ վաղուց: Եվ ես համոզված եմ, որ անպայման կրկին կհանդիպենք»,- իր խոսքում նշեց Հայկ Օրդյանը:  

Այս տարի փորձագետների դատին էր ներկայացվել 13 աշխատանք 12 երկրից։ Իսկ  Փառատոնն անցնում էր «Հայրենիքի կերպարը՝ ժամանակը, վայրը, ճակատագիրը» խորագրի ներքո:

Մրցանակաբաշխությունը վարում էին Արինա Շարապովան ու Անդրեյ Մալախովը, իսկ հաղթողների շարքում էին նաև Ադրբեջանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը․ Մոլդովան, Ուզբեկստանը, Էստոնիան և Ուկրաինան։

«ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթը անցկացվում է  ամեն տարի ԱՊՀ տարբեր երկրներում։

լուսանկարները՝ glaspress.rs

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here