Ընդերքօգտագործման հետ կապված բնապահպանական հարցերը վերջերս շատ են սրվել ու քաղաքականացվել, հասնելով բացարձակ անհեթեթության (աբսուրդի) աստիճանի: Այդ մասին ArmeniaON-ին ասել է տեխնիկական գիտությունների թեկնածու, լեռնային ինժեներ Անդրանիկ Աղաբալյանը:

 ArmeniaOn, հեկտեմբերի 12. Սկսելով մեկ հանքի հետագա շահագործումը կասեցնելու գործողություններից, արդեն կոչեր են հնչում, փակել երկրի բոլոր հանքերը: ArmeniaON-ին իր մասնագիտական մեկնաբանություններն է ներկայացրել Անդրանիկ Աղաբալյանը:

Հարկ է նշել, որ հասարակական հզոր ցնցումների ժամանակ, միշտ առաջանում է այդպիսի «բնապահպանական ալիք», որը հասարակության շերտերի մակերևույթ է բարձրացնում մի շատ վտանգավոր «փրփուր» (դատարկ պղպջակներ):

Հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին այդ «դատարկ պղպջակները», ինչքան շատ աղմկեցին, այդպես էլ շուտ անհետացան, սակայն հասցրեցին հսկայական վնաս պատճառել երկրի տնտեսությանը:

Դրա հետևանքով Հայաստանը մինչ օրս իսպառ զրկված է քիմիական արդյունաբերությունից, ռաֆինացված պղնձի և, որպես հետևանք, մալուխային ու էլեկտրատեխնիկական արտադրությունից: Միայն հսկայական ճիգերի արդյունքում, հնարավոր եղավ վերաթողարկել փակված Հայկական ատոմակայանի միայն մեկ (երկրորդ) բլոկը:

Այժմ պատմությունը կրկնվում է և պետք է հաշվի առնել ոչ վաղ անցյալում կատարված անհիմն որոշումների ու անհեռատես քայլերի հետևանքները:

 

Ընդերքօգտագործման ու բնապահպանության միջև միշտ կլինեն վիճահարույց հարցեր

 Ընդերքօգտագործման ու բնապահպանության սերտորեն կապակցված ոլորտների միջև միշտ եղել են ու կլինեն վիճահարույց հարցեր, որոնք պետք է լուծվեն երկու ոլորտների մասնագետների քննարկումների արդյունքում:

Ներկայումս գործող «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» հետ մասնագիտական որևէ քննարկումները բացառվում են, քանի որ այդ «միասնական» կառույցը ղեկավարվում է ոլորտների հետ որևէ առնչություն չունեցող, մասնագիտությամբ իրավաբան պետի կողմից: Պատահական չէ, որ այդ կառույցի թափուր աշխատանքային տեղեր զբաղեցնելու համար հրավիրվում են կրկին իրավաբաններ:

Ավելացնենք նաև, որ ոլորտի լիազոր մարմինը («ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների» անգրագետ անվանումով նախարարությունը) մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը ղեկավարվում էր նույնպես իրավաբանների կողմից (նախարար, նախարարի տեղակալ, ընդերքի գործակալության պետի ժ/պ):

Այդ ամենը տպավորություն է ստեղծում, որ հանքարդյունաբերության ոլորտի մասնագետնետները ոչ թե հանքագործներ են, այլ հանցագործներ ու պետք է  աշխատեն դատախազական վերահսկողության ներքո, կրկնվող անուն ազգանուններով չկայացած դատախազների ղեկավարությամբ:

 

Ամուլսարի մասին. Ինչու՞ Ապոլոն մակնիշի թիթեռին քամին քշեց բերեց

Բավականին ցուցադրական է Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ, իրավաբանական գրասենյակի վերածված, տեսչական մարմնի եզրակացությունը:

Այն ինչ տեղի ունեցավ, միաժամանակ զավեշտալի և մտահոգիչ է. մոտ 400 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագրի կանխորոշված կասեցման նպատակով, այդ իրավաբան-պետը, խուսափելով թթվային դրենաժի ու կույտային տարրա­լվաց­ման իր համար անհասկանալի բառակապակցություններից, մոտակա սարի լանջին գտավ հարցի «ամենապարզ ու հանճարեղ» լուծումը՝ Ապոլոն մակնիշի թիթեռին:

Հետագայում պարզվեց, որ խեղճ Ապոլոնին անյտեղ քամին է բերել ու ինքը հոժարակամ այդ բարձրունքներին չի հասնում, իսկ գտած ու պոկած մոլախոտը, կարմիր գրքի հետ ընդհանրապես առնչություն չունի:

Պատճառա-հետևանքային այդ իրավաբանա-միջատային կապը լուրջ մտահոգու­թյու­ների առիթ է ու ապացուցում է պաշտոններին նշանակելիս մասնագիտական որակավորումները հաշվի չառնելու լուրջ հետևանքները:

Մինչդեռ, պետական մասնագիտացված կառույցը պետք է ոչ միայն մատնանշի առկա խնդիրները, այլ, դրսեվորելով մասնագիտական մոտեցում, առաջարկի դրանց լուծման տարբերակնե­րը:

Օրինակ, եթե նույնիսկ ընդունենք, որ բացահանքի տարածքը Ապոլոնի «պապական հողերն էին», ապա դա ևս լուծելի խնդիր էր: Բանն այն է, որ ցանկացած բացահանքի շահագործման նախագիծը պարունակում է «Ռեկուլտիվացիա» բաժինը (այլ խնդիր է, որ հիմնականում չի իրագործվում), ինչը նշանակում է վերականգնողական աշխատանքների պարտադիր կատարում: Այդ աշխատանքների բաղկացուցիչ մասն է, լեռնահատկացման տարածքի հողաբուսային շերտի տեղափոխումը:

Խիստ կտրտված ու բազմաթիվ լանջեր ունեցող ռելիեֆի պայմաններում, դժվարություն չէր առաջացնի բնապահպանների հետ համատեղ գտնել տեղափոխման օպտիմալ վայրը, որը բնակլիմայական պայմաններով (բացարձակ նիշ, քամինների ուժգնություն, արևային ճառագայթների անկման անկյուն և այլն) չէր տարբերվի բնական վայրից:

Շարունակելի

լուսանկարները՝  yerkirmedia.am, ankakh.com, lragir.am