Կայացավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:

ArmeniaON, հոկտեմբերի 13: Երևանի ավագանու հանդիսավոր նիստի ժամանակ Մարությանը երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Համաձայն Երևանի ավագանու կանոնակարգի՝ քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց մայրաքաղաքի թանգարանին: Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան’ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, հանձնեցին նորընտիր քաղաքապետին:

Հանդիսավոր նիստին մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և հոգևորականներ, Երևանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ ավագանու 65 մանդատներից 57-ը բաժին են հասել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքին, 5-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3-ը՝ «Լույս» դաշինքին:

Նորընտիր ավագանու առաջին նիստըկայացավ հոկտեմբերի 10-ին:

azatutyun.am

լուսանկարները՝ yerevan.am