Հոկտեմբերի 2-րդ շաբաթն է ու աշնանային անձրևի ոչ մի հետք երկնքում փոխարենը ինքնաթիռներն էին, կարծես արթնացնելու վարդագույն քաղաքի բնակիչներին։

ՇՈՒՇԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ

ArmeniaON, հեկտեմբերի 13. Թռիչքների համար հոկտեմբերի 13-ը պատահական ընտրված չէր․ Էրեբունու Հարավային շրջանի ռուսական ավիացիոն ռազմական բազան հենց այսօրը նշում է ստեղծման 20-րդ տարեդարձը։

Երևանի հիմնադրման 2800 ամյակի նախօրեին հայկական երկնքում «Swift»  թռիչքի թիմը՝ օդաչուական հատուկ ծրագրով ցուցադրեց MIG-29  ինքնաթիռների համալիրը։Թռիչքների մեկնարկը տրվեց «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմական բազայից։

Բարձր լարում, մեծ հաճախականություն, որոնք ուղեկցվում էին ներկաների հիացական բացականչություններով ու ողջույններով։ «Հայելի» հնարքից մինչև երկնքում հրավառություն․ բարձրախոսում էլ հնչում էր.

«Դիմավորեք նրանց, նրանք գրավում են ոչ միայն աղջիկներին, այլ նաև երկինքը»։

 

«Ով, եթե ոչ ես»-ը մտքում

Կուրսանտ Խաչատրյանն է՝ Սոսը: Երբ հացազրույցի համար խնդրեցի լավագույն օդաչուներից մեկին, առանձնացրին իրեն․ Ինքն էլ «լավագույնի» կոչումից, թե հպարտությամբ, թե ամաչելով, շարքից դուրս եկավ և արդեն պատրաստ էր խոսելու այն երազանքի մասին, որն իրեն բերեց ռազմաավիացիոն համալսարան։

Ուրիշ մասնագիտություն ընտրել հնարավոր չէր

Սոսն անկեղծ ժպիտով է պատմում իր մասնագիտության ընտրության մասին։

Հայրը օդաչու է: Ինչպես արդեն օդաչուի որդին է ասում,  մեծացել է «օդաչուական գործի մեջ», դեռ մանկուց պատկերացրել է իրեն օդաչուի համազգեստով: Եվ ինչպես ֆիլմերում, գլխավոր հերոսը իր կապույտ աչքերով նայում է երկնքին ու խոստանում՝ մի օր էնտեղից հայացք կգցի այն դեղնականաչավուն խոտերին, որի վրա հաստատակամ կանգնած է ինքը։

Անկեղծանում է՝ մայրը սկզբից դեմ է եղել իր որոշմանը։ Տրամաբանական ինչու-ն ուներ իր պատասխանը․

«Մայրս ասում էր, որ վախենում է թռիչքներից ու չէր ուզում ինձ համար էլ անհանգստանալ, այնպես, ինչպես հորս համար, երբ նա թռիչքներ է կատարել»։

 

Հիմա նա այստեղ է և դա ամենակարևորն է

Սոսը պատմում է, որ ինչքան էլ երազանքը ուժեղ էր՝ տեսել է մասնագիտական հնարավոր բոլոր բարդությունները։

«Համալսարանում չսովորել չես կարող, եթե եկել ես պարտավոր ես սովորել»։

Այս ընթացքում հասցրել է մի քանի անգամ գրավել երկինքը․

«Միայն հաճույք եմ զգում, ոչ մի վախ էլ չկա»,- ժպիտով փաստում է Սոսը։

Այժմ ժպիտով է հիշում թռիչքների սկզբնական շրջանը, երբ ինքը դեռ սկսնակ էր ու խոստովանում է՝ սրտում էլ վախ կար։

Ահա, իմ առջև է նույն Սոսը․ Նա հասցրել է կորել երկնքում՝ թռիչքներից մեկի ժամանակ և գտնել մեկին, ում մասին խոսում է առանձնահատուկ ջերմությամբ։

ժպիտով է հիշում, որ ընկերուհին՝ Ինեսան, միակ մարդն էր, ով մինչև վերջ հավատացել է իրեն։

«Կարող եմ ասել, նա միակն էր, որ երբ իմացավ ընտրությանս մասին, մինչև վերջ պատրաստակամ օգնեց ինձ»։

 

Հայրենիքս սկսվում է ընտանիքիցս

«Նախևառաջ ես պաշտպանում եմ հայրենիքս, հետո միայն օդաչու եմ»։

Առանձնահատուկ է խոսում ընտանիքի մասին, հայրենասիրության, որ իրեն սովորեցրել են։ Հարցիս, թե պատրաստ է արդյոք մասնակցել պատրազմի, եթե դրա կարիքը լինի, պատասխանեց անսովոր հանդարտությամբ․

«Անգամ որպես սովորական քաղաքացի պատրաստ եմ անել ամեն բան ի բարօրություն հայրենիքիս»։

Սոսն է, ով վախեր չունի ու հաստատակամ գնում է դեպի նպատակ։

Առջևում անամպ երկինքն է, ինքն էլ՝ «Ով եթե ոչ ես» -ը մտքում։