Ընդերքօգտագործման ոլորտի բնապահպանական սահմանափակում­ները պետք է խլամիտ լինեն:

 ArmeniaON, հոկտեմբերի 13.  Ընդերքօգտագործման խելամիտ սահմանը, այն «կարմիր գիծը», որի հատումը անթույլատրելի է և կարող է հանգեցնել իրոք անկանխատեսելի, անկառավարելի կամ անշրջելի լուրջ հետևանքների պետք է որոշվի ոլորտի լավագույն մասնագետների քննարկումների արդյունքում: Խնդրի վերաբերյալ ArmeniaON-ին իր մասնագիտական կարծիքն է ներկայացնում տեխնիկական գիտությունների թեկնածու, լեռնային ինժեներ Անդրանիկ Աղաբալյանը:

Ըստ այդմ, ընդերքօգտագործման խելամիտ սահմանը պետք է հիմնված լինի հետևյալ հիմնական դրույթների վրա, սակայն առանց սահմանա­փակման.

  •  Պինդ օգտակար հանածոների ռեսուրսները չվերականգնվող են (օգտա­գոր­ծու­մը ժամկետային), իսկ ընդերքի ջրային (քաղցրահամ ու հանքային) ռեսուրս­ները՝ վերականգնվող (օգտագործումը անժամկետ)
  • Ընդերքի վերականգվող ռեսուրսները, որպես կանոն, ունեն գերակա նշանակություն չվերականգվող ռեսուրսների նկատմամբ (կամ այլ ձևակերպմամբ՝ անժամկետ օգտագործման ռեսուրսները պետք է ունենան գերակա նշանակություն ժամկետային օգտագործման ռեսուրսների նկատմամբ)
  • Սևանա լիճը, հանդիսանալով քաղցրահամ ջրերի խոշորագույն ավազան ամբողջ տարածաշրջանում, բացառիկ նշանակություն ունեցող ազգային հարստու­թյուն է, որը չի կարող վտանգվել ցանկացած այլ նպատակները (ոչ միայն ընդերքօգտագործման) իրագործելիս, այսինքն՝ ընդունելի ռիսկի չափը միայն զրոյականն է:
Ընդերքօգտագործման բնապահպանական հարցերը աբսուրդի են հասել

Շրջակա միջավայրին հասցված վնասը ըստ ազդեցության տարածման ընդունված է բաժանել տեղական, տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների: Տեղական ազդեցու­թյունը հիմնականում արտահայտվում է փոշու ու աղմուկի գործոններով, որոնց նվազեցման համար կան մի շարք լուծումներ՝ մինչև բնակավայրերի (կամ այլ կարևոր օբյեկտներ) հեռավորությունից կախված:

Տարածաշրջանային ազդեցության խնդիրները կարելի է լուսաբանել վերը բերված երկրորդ դրույթով: Այսինքն՝ ընդերքի վերականգվող ռեսուրսները գերակա նշանակություն ունեն  չվերականգվող ռեսուրսների նկատմամբ:

Օրինակ, Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրը ունի կարևոր տարածաշրջանային նշանակություն: Եթե Ամուլսարի հանքավայրի շահագործումը հիմնավորված սպառնալիք հանդիսանա Ջերմուկի հանքավայրի համար ու որևէ միջոցառման կիրառումը չի վերացնի այդ սպառնալիքը, ապա վերականգվող ռեսուրսների գերակա նշանակության սկզբունքը պետք է բացառի ոսկու հանքավայրի շահագործումը:

Սևանա լճի խնդիրները ունեն արդեն գլոբալ նշանակություն և ցանկացած գործունեության իրականացումը պետք է բացառի հնարավոր վնասը:

Սրանք են ընդերքօգտագործման ոլորտի բնապահպանական ընդհանուր խելամիտ սահմանափակումները:

 

Ո՞վքեր են «Խելամիտ» «Բնապահպանները»

Ցավոք, «խելամիտ» բառը չի բնութագրում Հայաստանում բազմացած բնապահպանական հասարակական տարբեր կազմակերպությունների գործունեու­թյունը:

Հայաստանում «բնապահպան» կոչվելու համար պետք չեն գիտելիքներ ու մասնագիտական համապատասխան որակավորումներ: Ցանկացած չկայացած բանասեր, պատմաբան կամ իրավաբան «բնապահպան» դառնալու համար պետք է ընդամենը դեմքի սարսափելի արտահայտությամբ արտասանի մի քանի սարսափելի ընդհանուր բառեր (երկգլխանի երախաներ, կորցրած սերունդ և այլն) ու «մասնագիտական եզրակացություններ» (բաց հանք և «փակ» հանք, կավը ոսկու հանքավայրի օգտակար հանածոն է և այլն): Պարզ է, որ մասնագետների համար այդ ամենը հիմարություն է, սակայն ձևավորում է հասարակական կարծիք:

Կարևորելով, ներկայումս իրականցվող հանքարդյունահանող ընկերություննե­րի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը, առաջարկում եմ համարժեք մեխանիզմներ կիրառել նաև Հայաստանում արտասահմանյան դրամաշնորհներ ստացող բնապահպանական հասարակա­կան կազմակերպությունների և պետական պաշտոնյաների նկատմամբ:

Անհրաժեշտ է բացահայտել այդ գործունեության իրական պատվիրատուներին, ֆինանսա­վոր­ման աղբյուրները և դրանց գոյացման երկրներն ու մեխանիզմները, անմիջապես ֆինանսավորող ու դոնոր կազմակերպությունների իսկու­թյունը, դրանց կանոնա­դրու­թյուն­ները, դրված նպատակներն ու տարբեր երկրներում գործու­նեու­թյան արդյունք­ները:

Հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների լուրջ վերաբերմունքը նախագծերին մասնակցելու թեկնածուների մասնագիտական որակավորումների նկատմամբ, խիստ կասկածելի է տարբեր բնապահպանական միջազգային ծրագրերում առանց համապատաս­խան կրթության  անձանց ներգրավումը:

Պետք է բացառվի այլ ոլորտներում չկայացած մասնագետների բնապահպանական ոլորտ ներթափանցումը, առավել ևս, մասնագիտական քննարկումներին դրանց մասնակ­ցու­թյունն ու ԶԼՄ-ների միջոցով հասարակական կարծիքի ձևավորումը:

Պատերազմող երկրի խոշորագույն հարկատու ոլորտի քայքայմանն ուղղված այդ կործանարար «բնապահպանա­կան» գործունեության կանխաումը համարում եմ ազգային անվտանգության խնդիր:

լուսանկարները՝ jermukverona.am, yerkirmedia.am, ankakh.com, lragir.am