Մեկնարկել է «Երևանը երևանցիների աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը:

ԷԼԵՆԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, հոկտեմբերի 14. Երևանը մեր տունն է, ուր մենք միշտ վերադառնալու ենք, այն գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին: Երևանի ամեն մի անկյուն, շենք ու բակ, քաղաքի ամեն մի դրվագ ամբոջացնում են մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը: Բայց պիտի փաստենք, որ երբեմն լուսանկարներն ավելի խոսուն են ու ավելի են տպավորում, քան հասարակ բառերը:

Հոկտեմբերի 10-ին Թեքեյան կենտրում բացվեց «Երևանը երևանցիների աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է մեր մայրաքաղաքի 2800 ամյակին: Լուսանկարչական ցուցահանդեսը մինչ այդ բացվել էր Երևանի քաղաքապետարանում սեպտեմբերի 14-ին: Կազմակերպիչ-հեղինակը Արմեն Ենգոյանը պատմեց նախաձեռնության մասին.

«Ֆեյսբուքում մենք տվել էինք հայտարարություն, և մարդիկ արձագանքեցին, ուղարկեցին իրենց լուսանկարները Երևանյան թեմատիկայով, բոլորը կարող էին մասնակցել: Բնականաբար լուսանկարները ֆիլտրել ենք, ոչ այդքան հաջողվածները դուրս են մնացել ցանկից»:

Ցուցահանդեսում ներկայացված են հարյուրից ավելի լուսանկարներ՝ «Ջուր ծախող տղայից» մինչև «Թավշյա հեղափոխություն»: Փողոցներ, իրադարձություններ, հասարակ երևանցիներ, ովքեր լցնում են Երևանն ու նոր գույն տալիս նրան:

Ցուցահանդեսում տեղ են գտել նաև հայտնի լուսանկարիչների գործեր՝ Արմեն Ենգոյան, Սամվել Սևադա, Վահան Քոչար:

Գառնի Մութաֆյանը, ով Երևանի պետական համալսարանի ուսանող է, նշում է, որ ցուցահանդեսը լի է կյանքով ու մեծ ոգևորությամբ. «այն մի մեծ պատմություն է ներկայացում»:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ: Հնարավոր է, որ լուսանկարչական ցուցահանդեսը այցելի նաև Գյումրի, ապա Շուշի՝  ներկայացնելու Երևանի լուսավոր պատմությունը իր քաղաքացիների աչքերով: