ԵՊՀ-ն հյուրընկալել էր ԱՍԱԼԱ-ի «Վան»  գործողության ղեկավար Վազգեն Սիսիլյանին:

ԱՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

ArmeniaON, հոկտեմբերի 16. «Կայնքի մինչև վերջին օրը պայքարեց հայրենիքի համար»: Արցախյան ազատամարտի մասնակից Արայիկ Խանդոյանի մասին պատմությունով սկսեց իր խոսքը Վազգեն Սիսիլյանը: Նա պատմում էր Փարիզում իրենց գործողությունների մասին։

Հանդիպումը կայացավ Չարենցի անվան դահլիճում, ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության  ակումբի նախաձեռնությամբ և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի աջակցությամբ։

«15 օրվա ընթացքում Փարիզում Թուրքական հյուպատոսարանը մեր հսկողության տակ է եղել։ Պատանդներից շատերը վիրավորվեցին, շատերը փախուստի դիմեցին։ Ովքեր փորձում էին մտնել հյուպատոսարան, զինաթափում էինք։ Այդ ժամանակ ոտքի էր ելել ողջ ֆրանսահայությունը», – շարունակեց պատմությունը Վազգեն Սիսիլյանը:

Վազգեն Սիսիլյանը նաև նշեց, որ նրանք նախնական պայմանավորվածություն ունեին ոստիկանությանը հանձնվելու։

 «Վիճակը 15 օրվա մեջ բավականին բարդանում էր, այլևս չէինք կարող ներսում մնալ, պետք էր կա՛մ երկար մնայինք այնտեղ, կա՛մ պայթեցնեինք հյուպատոսարանը։ Ես համարյա մահվան շեմին էի, երբ լքեցի հյուպատոսարանը»։

Պատմում էր, որ ֆրանսերեն  չգիտեին, սակայն ցանկությունը մեծ էր, որպեսզի կարողանային պատասխանել իրենց տրվող հարցերին՝ խուսափելու թարգմանական սխալներից։ Հատկանշական է նրա նշած այն խոսքը, որ Սորբոնի համալսարանի ամբիոնի վարիչն ինքն է համաձայնել ֆրանսերեն սովորեցնել նրանց։

Չէին սպասում, թե կհաջողվի իրենց գործը։

«7 տարի մեզ դատեցին։ Մենք գոհ էինք, բայց դահլիճում ներկա հայերը դժգոհ էին, կարծես իրենք էին դատվողները»։

Վազգեն Սիսիլյանը մեկընդմիշտ Հայաստան եկել է 1990 թվականին և իր խոսքով այլևս չի պատրաստվում լքել իր երկիրը։

«Հայրենիքը միշտ էլ լավն է եղել, մենք պետք է ճիշտ գնահատենք այն, դա մեր մեծ ընտանիքն է։ Իմ՝ ուրիշ տեղ գնալը տևում է մեկ շաբաթ, ամեն օր սպասում եմ, թե երբ կվերադառնամ, ինձ չեն հետաքրարում Էյֆելյան աշտարակը, Աֆրիկան…»

Նաև նշեց, որ հաճախ է այցելում Արցախ։

«18-19 տարեկան տղաների մեջ ես ինձ եմ տեսնում ու հանգիստ վերադառնում եմ Երևան»։

Դահլիճում մի աղջիկ հարցրեց, թե ինչը կարող է լինել ամենամեծ պատճառը հայրենիքի կործանման։ Ի պատասխան՝ Վազգեն Սիսիլյանն ասաց, որ Հայրենիքի կործանման  ամենամեծ պատճառը հայրենիքը չսիրելն է։

Ներկաներին իրենց կատարմամբ հուզեցին Արմավիրի մարզի Այնթափ համայնքի Բուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները: Երգեց նաև «Վարդանանք»-ի անդամ Հակոբ Օհանյանը։

Նրանց ելույթներին Վազգեն Սիսիլյանը մեղմ ժպիտով էր հետևում։  Իսկ ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ երիտասարդները ոչ միայն կրթվում են դպրոցներում, համալսարաններում, այլև մարդկանց հետ այսպիսի շփումներով։

Միջոցառումն ավարտվեց Այնթափի դպրոցի սաների՝ Շառլ Ազնավուրի Pour toi Arménie երգի կատարմամբ՝ ի հիշատակ Մեծն շանսոնյեի:

Լուսանկարները՝ 24news.am  և Լիանա Թուրյան