Արմեն Գյուլբուդաղյանցի առաջարկած մարտավարությունը ոչ մի շանս չտվեց մակեդոնական ֆուտբոլին։

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ArmeniaOn, հոկտեմբերի 17. Հոկտեմբերի 16֊ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացավ Ազգերի լիգայի՝ Հայաստան֊Մակեդոնիա հանդիպումը։ Մեր ընտրանին անցկացրեց հիասքանաչ հանդիպում` ջախջախելով մրցակցին 4֊0 հաշվով։

Օրեր առաջ Ջիբրալթարի հավաքականից կրած խայտառակ պարտությունից հետո, խիստ քննադատության ենթարկվեց հավաքականի ողջ անձնակազմը`մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ։ Այս ամենից հետո, Արմեն Գյուլբոըդաղյանցը պարտավոր էր գնալ փոփոխությունների, որոնք դեռ պետք է կատարվեին առաջին խաղում։

Թիմի մեկնարկային կազմում էր հայտնվել Մարկոս Պիցելին, ով իրավմամբ ներկայումս համարվում է Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը։ Հենց Մարկոսի կատարած հեռահար հարվածի շնորհիվ բացվեց խաղի հաշիվը։ Ցավոք մեր ֆուտբոլիստը խփած գնդակից րոպեներ անց վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը։ Արդեն հիմա հայտնի է,որ Մարկոսը մեկնել է Ղազախստան, որտեղ կանցնի երկրորդ բուժզննումը։

Պետք է նշել նաև պաշտպանության կենտրոնում Արտյոմ Խաչատուրովի, իսկ հարձակման աջ թևում՝ Սարգիս Ադամյանի հիանալի խաղը։

Անցյալ խաղում Հրայր Մկոյանի թույլ տված ճակատագրական խախտումը դուրս թողեց նրան հավաքականի հայտացուցակից և հնարավորություն տվեց Խաչատուրովին անցկացնել իր լավագույն հանդիպումներից մեկը։ Նա Վարազդատ Հարոյանի հետ մեկտեղ պարզապես անանցանելի էր դարձրել մեր պաշտպանության գոտին։ Հուսալի խաղ պաշտպանությունում, վստահ խաղ երկրորդ հարկում, այս երկու գործոնները օգնեցին մեր հավաքականին չոր հանդիպում անցկացնել։

Սարգիս Ադամյանը, ով այժմ փայլում է գերմանական 2֊րդ Բունդեսլիգայում, չէր կարող իր ազդեցությունը չունենալ  հանդիպման ելքի վրա։ Նա աջ թևում իր ակտիվությամբ միշտ լարվածության մեջ էր պահում հակառակորդի պաշտպաններին։ Կատարում էր գրոհները սրող փոխանցումներ, ինչպես նաև փոխօգնության էր գալիս պաշտպանությունում իր խաղընկերներին։

Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը

Վերջին ժամանակներում հայկական ֆուտբոլի ամենաքննադատված ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է։ «Նա չի խաղում այն խաղը, որն ունակ է խաղալու», «Նա նվիրված չէ հավաքականին», «Նա արժանի չէ լինելու հավաքականի ավագը»՝ ահա այսպես էին բնորոշում Մխիթարյանին ֆուտբոլասերները, և պետք է փաստենք,որ իրոք նա չէր ցուցադրում այն խաղը, որը մենք տեսնում էինք Արսենալի կազմում։

Սակայն Հենրիխը Մակեդոնիայի հետ խաղում կոտրեց այս կարծրատիպերը, ցուցադրելով ավագին և համաշխարհային ֆուտբոլի աստղին բնորոշ խաղ։ Կազմակերպում էր գրոհներ, եզրափակում էր գրոհները, օգնում էր պաշտպաններին, կատարում էր գոլային փոխանցումներ և վերջապես դառնում գոլի հեղինակ։ Իզուր չէ, որ անգլիական Արսենալի և Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքերը անդրադարձել են Մխիթարյանի խաղին՝ բարձր գնահատելով նրա ելույթները։

Սա այն խաղն էր, որին այսքան սպասում էր ողջ հայ ազգը։ Նվիրված, արժանապատիվ ու փառքով խաղ։ Ֆուտբոլիստները չէին խնայում ո՛չ իրենց, ո՛չ էլ մրցակցին։ Ցանկանում էին երկրպագուներին վերադարձնել սերն ու հավատը իրենց նկատմամբ, ետ բերել սասանված հեղինակությունը։ Գրագետ ու տակտիկապես հիանալի ֆուտբոլ։

Արմեն Գյուլբուդաղյանցի առաջարկած մարտավարությունը ոչ մի շանս չտվեց մակեդոնական ֆուտբոլին։ Նա հոգեբանորեն կարողացավ ետ բերել հավաքականի տղաներին Ջիբրալթարից կրած ցավալի պարտությունից։ Ստիպեց հավատալ իրենց ուժերին, խաղալ պատվի համար, և հայ ազգին նվիրել  անմոռանալի ապրումներ։

Հուսանք, որ այսպիսի խաղերը կլինեն շարունակական, և մեր ֆուտբոլը կհասնի այն մակարդակին, որն ուներ մի քանի տարի առաջ։

Հավելեմ, որ Ազգերի լիգայում մեզ մնացել է ևս 2 հանդիպում, որոնք կկայանան նոյեմբեր ամսին, մրցակիցներն են՝ Ջիբրալթարն ու Լիխտեյնշտեյնը։ Այս խաղերում մենք պարտավոր ենք հաղթել, ինչպես նաև հուսալ, որ Մակեդոնիայի ընտրանին կսայթաքի իր 2 հանդիպումներից գոնե մեկում։

Լուսանկարները՝ vivaronews.am, armsport.am