Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը մահացել է 90 տարեկան հասակում։

ArmeniaON, Հոկտեմբերի 18. Ցավալի լուրը հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Բժիշկների խոսքերով, վերջին ժամերին Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում է գտնվել, նրա սիրտը երկու անգամ կանգ է առել: Թեև բժիշկներին հաջողվել էր վերականգնել սրտի աշխատանքը, սակայն պատկառելի տարիքը թույլ չի տվել հաղթահարել ճգնաժամը, Գյուլերը մահացել է սրտի անբավարարության հետևանքով:

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»:

Նա իր լուսանկարներում պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արևմտյան Հայաստանի քաղաքներն ու հուշարձանները: Գյուլերի ֆոտոխցիկը «որսացել» է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը:
Մեկ ամիս առաջ Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում բացվել էր մեծանուն արվեստագետի թանգարանը, որտեղ ներկայացված են Գյուլերի արխիվային լուսանկարներ, պատմվածքներ, նոթեր, տեսանյութեր, նկարներ, անձնական իրեր, գրքեր, լուսանկարչական սարքեր:

© Photo:  Հանրային ռադիո

azatutyun.am