«Ասում ենք Ձեզ, որ Դուք ունեք այլընտրանք, և մենք բոլորս ունենք այլընտրանք»: Այս խոսքերով ավարտեց իր ելույթը «Այլընտրանք» նորաստեղծ քաղաքական ուժի նախագահ Էդգար Առաքելյանը կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ:

ArmeniaOn, հոկտեմբերի 20. «Այլընտրանք» Կուսակցությունն այսօր հայտարարեց առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրութուններին մասնացության մասին: Նշվեց, որ  երիտասարդ ու կարող պրոֆեսիոնալների թիմով կարող են այլընտրանք լինել նախկին համակարգին, քանի որ հեղափոխությունը դեռևս ավարտված չեն համարում:

«Մենք երբեք ինքնանպատակ չենք մասնակցելու ընտրություններին, չենք մասնակցելու զուտ մասնակցության համար: Մեր մասնակցությունը կլինի մեր հնարավորությունների հստակ ու ճշգրիտ գնահատմամբ, ինչը մեզ թույլ կտա մեր մարդկային ներուժն արդյունավետ օգտագործել ի նպաստ մեր հայրենիքին»,- ասաց Էդգար Առաքելյանը

Նրա խոսքով, այսօր իրավիճակը նման է մի քաղաքական մրցավազքի, որտեղ մրցապայքարի մեջ գտնվողներից մեկը զգալի առվելություն ունի մյուսների նկատմամբ, և կարծում է, որ այս փուլում որևէ ուժի չի հաջողվի հասնել և, առավել ևս, անցնել այդ մասնակցին, հետևաբար, ելնելով այս հանգամանքից, իրականությունից կտրված որոշումներ չեն կայացնի:

Էդգար Առաքելայնի համոզմամբ,  պետք պարզապես քաղաքական նոր էլիտա ձևավորել, ինչն ստեղծված իրավիճակում հնարավոր է համարում:

Կուսակցությունն իր ծրագրային դրույթներում առանձնահատուկ տեղ է տալիս տնտեսությանը, մասնավորապես, քիմիական արդյունաբերությունը, նաև սոցիալական խնդիրներին, աշխատանքի իրավունքին, որտեղ լուրջ անելիքներ է տեսնում, կրթական, դատաիրավական, արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներին և, բնականաբար, Արցախի խնդիրին:

«Հայաստանում արտաքին քաղաքական հիմքով հնարավոր չէ հեղափոխություն անել, և վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ արտաքին քաղաքական ուժեր չկային այդ գործընթացում: Դա մեր ժողովրդի ցանկությունն էր՝ փոխել իր կյանքը, կենսակերպը և այդպես էլ եղավ: Հետևաբար ունենալու ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն», – շեշտեց «Այլընտրանք» կուսակցության ղեկավարը:

Ծրագրային կարևոր դրույթներից է նաև սփյուռքի հետ հարաբերությունը, դրա  վերաիմաստավորումը: Առաջարկելու են նոր ձևաչափ, բերելով նոր փորձ, որը հիմնված կլինի առկա իրականության վրա:

Այս բոլոր ոլորտներում «Այլընտրանք»-ը կառաջարկի այլընրանքային մոտեցումներ ու ծրագրեր, որ առավել մանրամասն կներկայացվեն ընտրություններին ընդառաջ:

Իսկ «ո՞վ է կանգնած նորաստեղծ ուժի հետևում» հարցադրումն անողներին Էդգար Առաքելյանի պատասխանը մեկն է՝ «կուսակցությունն անկախ է և որևէ մեկի ձեռքի տակ չի գործում», չհավատացողներին էլ առաջարկում է Աստվածաշունչ բերել, որի վրա ձեռքը դնելով կարող է երդվել: