Հայաստանի 49 համայնքներում ՏԻՄ ընտրությունները պասիվ են անցնում: Մասնավորապես, ժամը 11.00-ի դրությամբ Արմավիր քաղաքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 6,44 տոկոսը` 28699 ընտրողից՝ 1849-ը: 

ArmeniaON, հոկտեմբերի 21. Էջմիածնում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը (45278 ընտրողից 2784-ը):

Հրազդանում քվեարկությանը մասնակցել է 7,34 տոկոսը (44154 ընտրողից 3240-ը):

Համեմատաբար ակտիվ է Կապան քաղաքում, որտեղ ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 15,44 տոկոսը (34969 ընտրողից 5400-ը):

Նշենք, որ այս 4 քաղաքներում քաղաքապետները հրաժարական տվեցին թավշյա հեղափոխությունից հետո:

Էջմիածնում առաջադրվել է քաղաքապետի 12 թեկնածու, իշխող ուժի թեկնածուն քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն է: Թեկնածուներ են նաեւ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը եւ «Յունիբանկի» տեղի մասնաճյուղի ղեկավար, ԲՀԿ-ական Վահե Մովսիսյանը:

Նշենք, որ քարոզարշավի ընթացքում Դիանա Գասպարյանի հետ կապված պատմություն էր գրանցվել. Նրա հայրը զանգահարել էր դստեր հասցեին սոցիալական ցանցում բացասական գրառումներ կատարած, մարտի 1-ի գործով դատապարտված Գեւորգ Մանուկյանին, որն այժմ բնակվում է Ստրասբուրգում, եւ սպառնացել ու վիրավորել: Գեւորգ Մանուկյանի գրառումները վերաբերել էին այդ ժամանակ դատավորի օգնական Դիանա Գասպարյանի կեցվածքին: Ավելի ուշ Դիանա Գասպարյանը հրապարակավ ներողություն էր խնդրել հոր պահվածքի համար՝ նշելով, որ նյարդերը տեղի են տվել:

Հրազդանում թեկնածուները ընդամենը երկուսն են՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը եւ հեղափոխական ակտիվիստ Լեւոն Ստեփանյանը:

Այստեղ քարոզարշավի ժամանակ սկանդալային ձայնագրություն հրապարակեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը», ըստ որի, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի նախընտրական  քարոզչության մեջ ներգրավված են նաեւ դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները: Մասնավորապես, թիվ 5 դպրոցի տնօրենը ձայնագրության մեջ համաձայնում է 100 հոգի ուղարկել Սեւակ Միքայելյանի նախընտրական հանրահավաքին: Թեկնածուի նախընտրական շտաբը սա սադրանք՝ էր որակել եւ նշել, որ պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին և ներկայացել որպես Սասուն Միքայելյանի օգնական։

Ի վերջո, այդ դպրոցի տնօրենը Կոտայքի մարզպետարանի կողմից «խիստ նկատողություն» էր ստացել:

Հատկանշական է, որ Հրազդանում ՔՊ-ն հայտարարել էր, որ Սասուն Միքայելյանի որդուն չի պաշտպանելու: Անգամ Սասուն Միքայելյանն էր հայտարարել, որ չի մասնակցելուի քարոզարշավին, սակայն այսօր նրան տեսել են որդու նախընտրական շտաբում:

Արմավիրում թեկնածուները 4-ն են, այդ թվում քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը: Նախկին քաղաքապետի մտերիմ, Արմավիրի ավագանու անդամ Օհան Հարությունյանը եւ 2011 թվականից քաղաքապետի պաշտոնի համար պայքարող անկուսակցական Սեւակ Մինասյանը:

Կապանքաղաքում առաջադրվել է երեք թեկնածու՝ ՔՊ անդամ Նարեկ Բաբայանը, Էդգար Հովհաննիսյանը եւ Գեւորգ Փարսյանը:

Եւս մեկ ուշագրավ փաստ. Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում այցելել է Կապան, Արմավիր եւ Էջմիածին, իսկ Հրազդան չի այցելել:

Նշենք, որ ժամը 11.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում ընդհանուր մասնակցությունը կազմում է 9,33 տոկոս:

news.am