Ակտիվ և ինտելեկտուալ խաղեր, կերակուրներ, խմիչքներ և այս ամենն, իհարկե, խնձորով: Գյումրիում կայացավ խնձորի փառատոնը։

ԱԼԲԵՐՏ ՍԵՐՈԲՅԱՆ

ArmeniaOn, հոկտեմբերի 22. Աշնանաձոն կամ Խնձորի Օր խորագրով  միջոցառումը կազմակերպվել էր Berlin Art Hotel-ի մշակութային ծրագրերի շրջանակում։

«Ծրագրում կար խնձորի բերքահավաք, միջոցառման սկզբում մեր բակի բերքը հավաքեցինք, հետո լսեցինք «Խազեր» երիտասարդական երգչախմբի կատարումները ու կազմակերպեցինք Շիրակյան կատակ-երգերի ուսուցում մեր հյուրերի համար»,- ասում Berlin Art Hotel-ի մշակութային ծրագրերի պատասխանատու Լուսինե Փախանյանը։

Միջոցառումը համընկավ ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանի Գյումրի կատարած այցի հետ, ով մեծ սիրով էր հյուրընկալվել միջոցառմանը։ Երգչուհին նաև նշեց, որ մեծ կարևորություն է տալիս նմանատիպ միջոցառումների անցկացմանը։

«Այսպիսի միջոցառումները մարդկանց մտերմացնում են և, կարծում եմ, պետք է ավելի հաճախակի կազմակերպվեն, որովհետև տարիներ շարունակ մենք տխուր ազգի տպավորություն ենք թողել աշխարհին։ Չնայած՝ վերջերս երիտասարդությունը բավականին ուրախ է։ Կյանքը փոխվում է և դեռ պիտի էլի փոխենք»:

Գեղեցիկ դասավորված հատընտիր խնձորները գերում էին բոլորին։ Առանձնապես ոգևորված էին երեխաները՝ խնձորախաղերով ու երգուպարով։ Իսկ մեծահասակները,  մասնավորապես, հավանել էին խնձորով դոլման, որի բաղադրատոմսին վերաբերող հարցեր խոհարարները հասցրել էին լսել գրեթե բոլորից։

«Հիմնականում քաղցրեղեն ենք պատրաստել, խնձորով թխվածքներ, լցոնած խնձոր՝ երկու տարբերակով, առաջինը մսային, իսկ մյուսը չրերով, ավստրիական շտրուդել՝ ֆեյխոայի հավելումով, որը նաև բուժիչ հատկություն ունի», – նշում են խոհարարները:

Ամեն ինչ դուր էր եկել հյուրերին՝ թե մատուցման ձևը, թե յուրահատուկ համը։
Մատուցվեց նաև կոկտեյլ՝ սպիտակ գինիով, ռոմով, մարտինիով, իհարկե, համեմված խնձորի հյութով։ Նմանատիպ բաղադրատոմսը  նորություն էր նաև խոհարարների համար և կարելի է ասել՝ ամեն ինչ լավ ստացվեց:


Չնայած եղանակային անհաջող պայմաններին խնձորի օրը Գյումրիում շարունակվեց մինչև երեկո։