«Ձեզ սպասարկում է վաստակավոր վարպետ Խանաև Արիստակեսյանը» գրությունը կես դարից ավելի  փակցված է Գյումրու ամենահին վարսավիրանոցի  վարսավիրական աթոռներից մեկի  դիմաց:

ԱԼԲԵՐՏ ՍԵՐՈԲՅԱՆ

ArmeniaON, հոկտեմբերի 23. 1940 թվականից գործող վարսավիրանոցի ամենատարեց վարսավիրն է Վարպետ Խանիկը։ Նա այստեղ աշխատում է 1956 թվականից։ Ժամանակի թիվ 1 վարսավիրանոցը, որն այսօր սեփականատերը վերանվանել է «Լյուքս», պահպանել է խորհրդային վարսավիրանոցներին բնորոշ կենցաղային բոլոր տարրերը, և կարելի է ասել՝ Գյումրու կոլորիտային տարրերից մեկն է։ Իսկ ինչու՞ թիվ մեկ՝

«Ամբողջ ինտիլիգենցիան և դասախոսական կազմը՝ մանկավարժականի դասախոսականի կազմը, ՔաղԿոմից՝ Մուրադ Մուրադյանը, Տաճատը Սարգսյան։ Դե չեմ հիշե բոլորի անուն ազգանունները, բոլորն էլ իմ մոտս էին մազերը սարքում»:

Վարպետը չէր էլ պատկերացնում, որ կընտրի հենց այս մասնագիտությունը։ Բանակից վերադառնալուց հետո ցանկացել է շարունակել ռազմական ուսումը։ Հայրը չի թողել։ Վարսավիրությամբ սկսել է զբաղվել իրենց բակում, ինչևպես ինքն է ասում՝ «Մայլի երեխեքի մազերը կտրելով եմ հմտացել»։ Իսկ քաղաքում լավագույնը դառնալուն օգնել են վարպետի գեղարվեստական ունակությունները։

«Քանի որ ես համ նկարչություն գիտեմ, համ քանդակագործություն գիտեմ, դե  դեմքի համաչափությունները ճիշտ որոշելու համար հարկավոր է գիտենալ էտ գործը, որ լինես իսկական մարդու դեմքը ձևավորող, մազերը ձևավորող»:

Եվ ինչքան էլ շատ էին պահանջված վարսավիրի հաճախորդները, միևնույնն է՝ ամենասպասվածը միշտ եղել է Վարպետի մանկության ընկերը՝ Մհեր Մկրտչյանը։ Նրանք իրար ճանաչում էին այն նույն բակից, որտեղ վարսավիրական առաջին քայլերն էր անում Խանաև Արիստակեսյանը։ Ֆրունզը Երևան տեղափոխվելուց հետո էլ հաճախ է այցելել վարպետին, մազերը կտրել հին ընկերոջ մոտ, զրուցել՝ բայց միայն արվեստից։ Ինչքան էլ վարսավիրական ոլորտում տարածված է, որ վարսավիրն ու հաճախորդը քննարկում են ավելի շատ կենցաղային հարցեր, Ֆրունզիկի դեպքում ուրիշ էր՝

«Ես գիտենալով հանդերձ, որ ինքը ընտանիքի կողմից դժբախտ է եղել և դժբախտ էր, այ դրա համար ես ոչ կխոսցնեի, ոչ էլ ինքը կխոսեր էտ մասին։ Ինքը որպես արվեստագետ գերազանց էր, բայց  ընտանիքի կողմից շատ ձախորդ կարելի է համարել»:

Զվարճանքով է հիշում, թե երբ առաջին անգամ հանդիպեց դերասան Ազատ Շերենցին, հեռավոր 1968 թվականն էր, երբ մեծանուն  դերասանը կարիերան պետք է շարունակեր Երևանում։ «Ֆրունզս բերեց», – ծիծաղով ու անսահման կարոտով նշում է վարպետը։

«Շերենցը բրդոտ, անկջների մազերը գլխուդ մազից երկար էր։ Բերավ
-Վարպետ Խանիկ,-ըսավ ,– մե կարգի բեր, տանիմ պտի Երևան:
թրաշեցի, մազերը սարքի, դարձավ թափ-թազա Շերենց, նոր հետը տարավ, դարձրավ դերասան
»:

Զվարճալի մի քանի պատմություններից հետո վարպետին խնդրեցի պատմել Մհեր Մկրտչյանի հետ վերջին հանդիպման մասին։ Լռեց։ Դեմքը խոժոռվեց։ Մինչ ես կհասցնեի փոշմանել, ժպտաց ու սկսեց պատմել՝

Եղբայրը՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, շփոթված եկել էր վարսավիրանոց: «Վարպետ Խանիկ ֆռունզին տեսել ես»,- ասեցի հա, երեկ ստեղ էր։ Հետաքրքրվեցի, թե ինչ է եղել, ասեց խմել են ու էլ ոչ ոք չի տեսել, հենց էտ պահին Ֆրունզս՝ քեֆը լավ մտավ վարսավիրանոց, բոլորը լուռ նայում էին իրան: Ինքը ոչ մեկի ուշադրություն չդարձնելով, եկավ ու նստեց հայելու դիմաց, նայեց ինձի ու ասեց, հըբը ինձի կսազե էս տեսքով էրթամ նկարվելու: Անցա գործի՝ էլ գրիմ, էլ կտրվածք, մի ժամ երևի չարչարվեցի մինչև կարգի բերեցի ընկերոջս։ Գոհ էր՝ամեն անգամվա պես։

Հելավ տեղից, Ալբերտի հետ գնացին ու էտ էր…էլ չտեսա…

Լուսանկարները՝ Խաչատուր էլլոյանի