Այսօր առավոտյան ժամը 9.00-ից Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի գլխավոր մուտքի դիմաց ուսանողներ էին հավաքվել՝ նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հրաժարականի պահանջով: 

ՕՖԵԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ArmeniaON, հոկտեմբերի 26. Նրանք պահանջում էին նախկին ռեկտոր, այժմ ռեկտորի խորհրդական Արշալույս Թարվերդյանի և մյուս այն աշխատակիցների հեռացումը ԲՈՒՀ-ից, որոնց համարում էին մեղսակից: Դասադուլի նպատակի և հրաժարականի պահանջի մանրամասների մասին ArmeniaON-ին պատմեց Ագրարային համալսարանի 1-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Մանուկյանը.

«Այսօրվա դասադուլի նպատակը Արշալույս Թարվերդյանի հրաժարական տալն է: Պատճառն այն է, որ նախկին ռեկտորը և իր որոշ աշխատակիցներ 350 միլիոն դրամ են յուրացրել: Այսօր ես և շատ ուսանողներ եկել հավաքվել ենք պահանջելու իր հրաժարականը: Վաղ առավոտից արդեն բազմաթիվ ուսանողներ հավաքվել էին մուտքի առջեւ և մասնակցում են դասադուլին»:

Այնուհետև ՀԱԱՀ -ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը հանդիպեցին հավաքված ուսանողներին: Մի քանի րոպե բանակցելով ուսխորհրդի փոխնախագահ Կարեն Ղարախանյանի հետ եկան այն եզրակացության, որ Արշալույս Թարվերդյանը հաջորդ օրը կգրի իր պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը և կհեռանա համալսարանից: Եթե նշված պայմանը չկատարվի`ուսանողները կշարունակեն դասադուլը: