Կոմպոզիտոր Վահան Նահապետյանին տեսողական խնդիրները չեն խանգարում ստեղծագործել և անգամ մրցանակ շահել: Տարվա Լավագույն կոմպոզիտոր մրցանակը հենց Վահանինն էր:

ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, հոկտեմբերի 29. Կոմպոզիտոր Վահան Նահապետյանի հետ զրուցում պարզեցինք, որ սպասված մրցանակը կրկին ստեղծագործելու ուժ է տվել, իսկ երաժշտություն սիրել է մանկուց.

– 7 տարեկանում ընդունվել եմ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց` կոմպոզիցիայի դասարան: Ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական կոնսերվատորիա, 22 տարիների ընթացքում շատ գործիքավորումներ և ստեղծագործություններ եմ ստեղծել, որոնք հայտնի են և’ Հայաստանում, և’ Սփյուռքում:

Ի՞նչ ստեղծագործություններ ունեք գրած, և ո՞ր ժանրն է Ձեզ ավելի հարազատ;

– Սիրում եմ դասական երաժշտություն, նաև զբաղվում եմ ջազով, և կարող եմ ասել, որ բոլոր ոճերի մեջ ինձ կարող եմ դրսևորել:

Իսկ ու՞մ գործերն եք ավելի շատ սիրում դասականներից:

– Ինձ համար կոմպոզիտորների հայրը` Բախն է, որին ես լսելով սովորում եմ և չեմ հագենում:

Այսինքն կարող ենք ասել, որ Ձեր ոգեշնչման աղբյուրը Բախն է:՞

– Այո, կոմպոզիցիայի աշխարհում Բախը, իսկ գործիքավորման աշխարհում` Դեբյուսին:

Էլ ինչի՞ց կարող եք ոգեշնչվել

– Ես սիրում եմ բնությունը, քանի որ այն ինձ հնարավորություն է տալիս ստեղծագործելու: Գրում եմ հիմնականում Տիեզերական երաժշտություն:

Գիտենք նաև, որ ֆիլմերի համար երաժշտություններ եք գրում, ինչպե՞ս է այն ստեղծվում:

– Ասեմ, որ սցենարը կարդալուց հետո կոմպոզիտորը սկսում է որոշ էմոցիաներ ապրել, որից հետո սկսում է ստեղծագործական պահը: Այն ստեծվում է ֆիլմի նկարահանումից հետո, քանի որ կոմպոզիտորը դիտելով ֆիլմը, ընթացքում սկսում է ստեղծագործել:

Ձեր Youtube-յան ալիքում կան շատ մանկական երգեր, կպատմե՞ք դրա մասին:

-Սիրում եմ մանկական երգեր գործիքավորել, 20 տարի է, ինչ երեխաների համար երգեր եմ գրում և գործիքավորում:Համագործակցում եմ շատ մանկական խմբերի հետ, օրինակ, հանրահայտ «Արևներ» համույթի հետ երկար տարիներ է աշխատում եմ, և մի քանի հարյուր երգեր եմ գործիքավորել:

Տեղեկացված եմ նաև, որ հանրագիտարան եք ստղծում: Ի՞նչ նպատակով է ստեղծվում այն, և ինչի՞ մասին է:

-Այն նախատեսված է ներառական դպրոցներում սովորող երեխաների համար: Կենդանիների և բնության մասին է: Աուդիո հանրագիտարան է` ներկայացվում է թատերականացման ձևով, քանի որ ունի երաժշտություններ և ձայնային աղմուկներ: Որպեսզի ավելի պատկերավոր և ընկալելի լինի երեխաների համար:

Իսկ ի՞նչ նպատակով եք ստեղծել կրթական ալիքը:

– Նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար և ունի շատ բաժիններ` հայոց պատմություն, առակներ, փաստագրական տեղեկություններ, հեքիաթներ, աուդիոթատրոն երեխաների համար: Ալիքից օգտվում են մոտ 80 երկրներից: Արձագանքը մեծ էր և ես դրա համար շատ ուրախ եմ:

Ապագայում ի՞նչ նպատակներ ունեք, որ կցանկանաք իրագործել:

-Ապագան տեսնում եմ շատ հաղթանակներով, նվաճումներով, մեծ թռիչքներով: Սիրում եմ ավելի շատ գործել, քան խոսել: Ամեն ինչ ցանկանում եմ գործով ցույց տալ:

Ստացաք «Տարվա լավագույն կոմպոզիտոր»-ի մրցանակը, ի՞նչ տվեց այն Ձեզ:

-Ինձ գնահատված զգացի, և այն ուժ տվեց կրկին ստեղծագործելու:

Վերջում ի՞նչ կմաղթեք

-Ուզում եմ մարդիկ լինեն` առողջ, ուրախ և երջանիկ: