2018թի գարնանը համաշխարհային լրատվամիջոցների խորագրերին նաև Հայաստանն էր: Կարելի է պնդել, որ Հայաստանին նվիրված այսքան հոդվածներ և վերլուծություններ նախկինում չէին եղել և պատճառը տեղի ունեցած, այսպես ասած, «թավշյա հեղափոխություն»-ն էր, որը պատմության մեջ կմնա որպես հայկական ֆենոմեն:

ԱՆԻ ՎԱԹԻՆՅԱՆ

ArmeniaOn, հոկտեմբերի 29. Ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից նախաձեռնած քայլարշավը լավ մտածված քաղտեխնոլոգիա էր, որի նպատակն էր բնակչությանը ցույց տալ, որ միայն ակտիվ գործողությամբ է հնարավոր հասնել արդյունքի:

 

Հենց ակտիվ գործողությունը, այլ ոչ թե պասիվ պայքարի ձևն էր, որ գրավեց երիտասարդությանը և նրանք միացան քայլարշավին: Փողոցները փակ էին, ցուցարարներն ամենուր կոչերով, ձայնարկումներով, պաստառներով տարածում էին պայքարող տրամադրությունը:

Եվ իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց կապի ժամանակակից միջոցների` սոցցանցերի, որոնք «աջակցում» էին համակարգել գործողությունները: Ժամանակի ընթացքում այս մեթոդները հնարավորություն տվեցին բողոքի գործողությունները տարածել Երևանից բացի մյուս մարզերում եւ քաղաքներում:

Տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նոր էներգիա եւ նոր հույս արթնացրեց բնակչության ու հատկապես երիտասարդության շրջանում, այն ոգևորեց սփյուռքահայությանը ու ապացուցեց, որը Հայաստանում հնարավոր են խորքային փոփոխություններ:

Համաշխարհային ԶԼՄ-ները Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» բրենդ էին անվանում և փորձում բացահայտել զանգվածների ներգրավման և հաղթանակի հարցում վճռական դեր խաղացած խորհրդանիշները։

«Թավշյա հեղափոխության» խորհրդանիշը դարձավ «դուխով» բառը։ Թեև այն կարծես հորինված էր բողոքի շարժման համար, բայց իրականում դիզայներ Արա Ասլանյանն այդ կոչը հորինել էր բողոքի շարժումից երեք ամիս առաջ, և այն իրականում նվիրված էր ոչ թե հեղափոխությանը, այլ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին իր արվեստով արձագանքել է նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանը։ Եթե «Դուխով» բառը որոշակի առումով պատահաբար դարձավ հայկական «թավշյա հեղափոխության» կարգախոսը, ապա Մալայանի աշխատանքները հայտնվեցին հենց հեղափոխության ժամանակ և հեղափոխության համար։ Բողոքի ցույցերի օրերին նրա ստեղծած ավելի քան 20 պաստառ հատուկ միավոր դարձան, որոնք խորհրդանշում էին հայ ժողովրդի պայքարը իշխանության դեմ։ Նկարիչը բողոքի շարժման օրերին ստեղծած պաստառները հեղափոխության ինքնատիպ ժամանակագրություն է համարում։

«Թավշյա հեղափոխության» ամենավառ և միևնույն ժամանակ պատահական խորհրդանիշը դարձավ Չալո անունով շունը, որին հաճախ «Քայլո» են ասում, որովհետև նա կազմակերպիչների հետ անցավ գրեթե ամբողջ ճանապարհը։ Քայլերթին հետևելով` հասավ Երևան` գիշերները պաշտպանելով իր նոր տերերի վրանները։ Չալոյի մասին նույնիսկ տեսահոլովակ թողարկվեց, նրան կարելի է տեսնել նաև «Իմ քայլը» երգի տեսահոլովակում։

Անկասկած, իշխանության դեմ ժողովրդի պայքարը չէր կարող «օրհներգ» չունենալ։ Տվյալ դեպքում դրանք մի քանիսն էին։ «Իմ քայլը» ռոք ստեղծագործությունը գրվել էր շարժումից առաջ, ընդ որում բառերի հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Հայկն ի սկզբանե գրված բառերի հիման վրա երաժշտություն գրելու ու կատարելու առաջարկը ստացել է եղբորից: Իսկ եղբայրը՝ Մխիթար Հայրապետյանը, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակն ու անդամն է և այժմ արդեն սփյուռքի նախարարը:

Հիշարժան էր նաև Սերժ Թանկյանի Հայաստան գալն ու Հանրապետության հրապարակում «Բարի արագիլ» երգի կատարումը:

Այս հեղափոխությունը ոմանք անվանեցին «թավշյա», ոմանք էլ «սիրո» կամ «համերաշխության»: Իսկ այս ամենը փաստում էին տարբեր հայրենասիրական երգերն ու պարերը, որոնք ապահովում էին հավաքվածների ջերմ և ուրախ տրամադրությունը։ Իրադարձությունը նաև ստացավ բաց ափերի հեղափոխություն անվանումը: ժողովուրդը բաց ափերը պարզում էր վեր և ցույց տալիս, որ եկել է ոչ թե զենքով, այլ արդարությամբ պայքարելու:

Ընդդիմության գլխավոր կարգախոսն էլ «Քայլ արա, մերժիր Սերժին» ստեղծագործական անվանումը դարձավ, որը լսվում էր ամենուր:

Տնտեսվարողները դեռ շարունակում են արտադրել Նիկոլ Փաշինյանի նկարով, աքսեսուարներ, հագուստ, գլխարկ, պայուսակ, նույնիսկ մեղր, ելակ, խմիչք եւ այլն: Վերնիսաժում, գետնանցնումներում մինչ այժմ լի են «դուխով» մակագրությամբ հագուստներ ու իրեր:

Սակայն, եթե հեղափոխության ընթացքում «դուխով» կարգախոսը գտնված ու պահանջված էր, հեղափոխության նպատակներն ու գաղափարներն իրագործելու ընթացքում, հույս ենք հայտնում, «դուխով» կարգախոսից առավել նախընտրելի կլինի «խելքով» կարգախոսը:

Photo: Shabat.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here