Գույների, համերի ու բույրերի բազմազանության մեջ հայկական խոհանոցը չի կորցնում իր ներդաշնակությունը:

ԱՆՅԱ ՍԱՐԿԻՍՈՎԱ

ArmeniaON, հոկտեմբերի 29. «Յուրաքանչյուր խոհանոց տվյալ երկրի կենցաղավարության ձևն է»: Այս համոզմունքն ունի հանրահայտ խոհարար Սեդրակ Մամուլյանը:

Նա ArmeniaON-ի հետ զրույցում կպատմի հայկական խոհանոցի բազմազանության, մեր և այլ երկրների խոհանոցների նմանությունների և հայկական խոհանոցը պահպանելու մասին:

 

Հարգանքի արժանի են բոլոր ազգային խոհանոցները , ինձ շատ են հարցնում,  թե ո՞ր խոհանոցին ես ավելի շատ գերակայություն տալիս, էստեղ անքննելի է հայկական խոհանոցը, ես մեր ազգային խոհանոցը դնում եմ մի կողմ:

Ըստ խոհարարի ազգային խոհանոցի նմանությունների պատճառը ժողովուրդների նույն տարածաշրջանում երկար ժամանակ բնակվելն է։ Բայց բացառիկ ու չկրկնվող են մեր տոնածիսական կերակրատեսակները, որոնք էլ նկարագրում են հայերի վարած կենսակերպը:

Մեր տոնածիսական կերակրատեսակների համակարգը ամբողջությամբ ներկայացնում է մեր դիմագիծը  մեր միտքը և ընդհանրապես հայ ազգի առաքելությունը, ի շնորհիվ մեր մայրերի , մեր տատիկների , համարյա ամբողջությամբ փոխանցված  է։

Զրույցի ընթացքում խոհարարը մոռացված  դեպք հիշեց մանկությունից, գուցե հենց այդ ժամանակ էր վճռվել, որ պետք է խոհարար դառնա:

Ես հիշում եմ, որ իմ տատիկի հետ երկանքով փոխինձ եմ աղացել, և էդ շատ ինձ դուր էր գալիս, այդ փոխինձի համը և բույրը ես մինչև հիմա կրում եմ, որևէ այլ տեղ չեմ զգացել։

Ցավոք մենք չունենք պետականորեն ամրագրված խոհանոց, նշում է Պարոն Մամուլյանը,  և գուցե հենց դա է պատճառը, որ ազգային որոշ կերակրատեսակներ հարևան երկրները փորձում են սեփականացնել։

Եթե մենք ինքներս չենք ամրագրել, ումի՞ց ենք պահանջում, ումի՞ց ենք սպասում, որ նա ամրագրի, որ դա հայկական է։

Տարբեր աղբյուրներից  բաղադրատոմսեր հավաքելով ու մշակելով, Սեդրակ Մամուլյանը ցանկանում է պահպանել ու զարգացնել հայկական խոհանոցը, ուրախությամբ նշում է՝ մարդկանց վերաբերմունքը բավականին փոխվել է հայկական խոհանոցի նկատմամբ, դա մեծ առաջընթաց է, կազմակերպվող փառատոներն էլ Հայաստանի տարբեր մարզերում օգնում են մեր երկիրն ավելի գրավիչ դարձնել։

Պիտի ջանք չխնայենք, որ կարողանանք վերականգնել մեր մշակութային այդ չքնաղ ժառանգությունը։ Մենք մեր մեջ պետք է փնտրենք այն բացթողումները, այն ոչ հետևողական դրսևորումները, որ պատճառ են դառնում մեր այս կամ այն մշակութային ժառանգության կորստին։

Իսկ թե ինչ պետք է անել լավ խոհարար դառնալու համար, պարոն Մամուլյանը կես կատակ կես լուրջ պատասխանեց՝ «դիմել Մամուլյան Խոհարարական ստուդիա և լինել մարդասեր և համբերատար»։

Ես իմ ուսանողներին ասում եմ, որ 2 անգամ պիտի ամուսնանա խոհարարը, մի անգամ մասնագիտության հետ, մի անգամ էլ՝ մի գեղեցիկ հայուհու։

լուսանկարները՝ boglemon.am, tert.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here